
«Մեկ տարի մեկ ամիս անց որևէ ապացույց ձեռք չի բերվել հրթիռների անպիտանության վերաբերյալ». Տոնոյանը՝ Հակակոռուպցիոն դատարանին

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց վերաբերյալ հերթական նիստը:
Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ հայտնեց այսօրվա դատական նիստից:
Մասնավորապես, նա փոխանցեց, որ Պաշտպանության նախկին նախարարը դարձյալ իր ողջամիտ կասկածն է հայտնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի անաչառության վերաբերյալ:
«Բացի այս, գործով վերջապես սկսվել է դատաքննությունը, հրապարակվել են մեղադրանքները, որում Դավիթ Տոնոյանը և մյուսներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ մեկ տարի մեկ ամիս անց դեռևս որևէ ապացույց ձեռք չի բերվել հրթիռների անպիտանության վերաբերյալ»,- նշեց Սերգեյ Հովհաննիսյանը:
Մեր հարցին՝ հրթիռների փորձաքննություն պահանջելո՞ւ եք, պնդելո՞ւ եք այդ պահանջը, Դավիթ Տոնոյանի փաստաբանը պատասխանեց.
«Ապացույցների հետազոտման ընթացքում նման միջնորդությամբ հանդես գալու ենք»: