Նիկոլ Փաշինյանի «любимчик» Կարեն Անդրեասյանի սարսափները. մի «հերքման» հերքում

Երեկ 168.am-ը հանդես էր եկել մի հրապարակմամբ, որում մանրամասներ էր ներկայացրել Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) հաղթական մուտքից կարճ ժամանակ անց տեղի ունեցած սկանդալի մասին:

Գրել էինք, որ  ԲԴԽ իր հայտնությունը Կարեն Անդրեասյանը նշանավորել է թիկնապահների ու անվտանգության աշխատակիցների բավականին պատկառելի քանակով, և, որ ԲԴԽ նորընտիր նախագահն այնքան է սարսափած սեփական անվտանգության համար, որ շենքում շրջում է բացառապես անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Իսկ նրանց էլ այնքան մեծ արտոնություններ է տվել, որ վերջիններս, օրինակ, կարողացել են մտնել Գրիգոր Բեքմեզյանի օգնականի աշխատասենյակ ու վերջինիս հրահանգել դուրս գալ սենյակից, քանի որ այսուհետ իրենք պետք է զբաղեցնեն այն:

Գրիգոր Բեքմեզյանը, բնականաբար, չի հանդուրժել սա, ու մեծ սկանդալ է բարձրացել ԲԴԽ անդամների ու Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ, և ուշագրավն այն է, որ այդ վեճի ընթացքում ԲԴԽ որևէ անդամ, անգամ Գրիգոր Բեքմեզյանի մտերիմներ համարվողները որևէ կերպ չեն պաշտպանել իրենց գործընկերոջը: Միակ մարդը, ով իրավիճակի վերաբերյալ կարծիք է հայտնել, եղել է Դավիթ Խաչատուրյանը, ով իր վրդովմունքն է հայտնել առ այն, որ Կարեն Անդրեասյանի աշխատասենյակ մտնելու համար պետք է ստուգվի մետաղադետեկտորի միջոցով: Հավելել էինք, որ Դավիթ Խաչատուրյանը Կարեն Անդրեասյանին ասել է, որ դա անհարգալից վերաբերմունք է ԲԴԽ անդամների նկատմամբ, և ինքը պարզապես այլևս երբեք չի մտնի նրա աշխատասենյակ:

Այս հրապարակումից ժամեր անց Կարեն Անդրեասյանը ԲԴԽ խոսնակի ֆեյսբուքյան էջով «հերքում» տարածեց, որում ասվում էր.

Կարդացեք նաև

«Ի պատասխան այսօր մամուլում տարածված՝ ԲԴԽ նախագահի անվան հետ կապված հրապարակումներին, առ այն, որ վերջինս իր համար կազմակերպել է «աննախադեպ անվտանգության միջոցառումներ»՝ տեղեկացնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգության կարգավորման հարցերը որևէ անհատի որոշելու դաշտում չեն, դրանք կարգավորվում են ոչ թե ԲԴԽ նախագահի ցանկությամբ կամ նախասիրություններով, այլ օրենքով նախատեսված կարգով:

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ տեղ գտած ասեկոսեներին, ապա դրանք այնքան մտացածին են, որ նույնիսկ հարկ չենք համարում մեկնաբանել»,- նշված էր ԲԴԽ նախագահի տարածած «հերքման» մեջ:

Եվ թեպետ ԲԴԽ հրապարակած տեքստում հղում չկար լրատվամիջոցին, մենք, իհարկե, կպատասխանենք ԲԴԽ-ի «հերքմանը», և որովհետև 168.am-ը պատասխանատու լրատվամիջոց է, հերթով անդրադառնանք Կարեն Անդրեասյանի բերած «հակափաստարկներին»:

Կարեն Անդրեասյանը իր աշխատասենյակ ԲԴԽ անդամներին թողնելուց առաջ նրանց մետաղադետեկտորով ստուգելը պայմանավորում է այն հանգամանքով, որ բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգության կարգավորման հարցերը որևէ անհատի որոշելու դաշտում չեն, որ դրանք կարգավորվում են ոչ թե ԲԴԽ նախագահի ցանկությամբ կամ նախասիրություններով, այլ օրենքով նախատեսված կարգով:

Ըստ ամենայնի Կարեն Անդրեասյանը վկայակոչում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, ըստ որի՝ պետական պահպանություն տրամադրվում է Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, իսկ օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։ Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից։

Նույն հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Այսինքն՝ եթե Կարեն Անդրեասյանն ասում է, որ իր պահպանությունը կարգավորվում է օրենքով, մոռանում է ասել, որ ինքն այն անձանց թվում չէ, որին, այսպես թե այնպես, պետական պահպանություն տրվում է՝ ուզեն, թե չուզեն: Այնպես որ, օրենքը քաղաքացիների  վրա «ծախելուց» առաջ կամ հետո ԲԴԽ նախագահը լավ կանի ասի՝ ինքը Նիկոլ Փաշինյանից խնդրել է պետական պահպանություն, և իրեն դա տրվել է: Իսկ թե ինչ ծանրակշիռ հիմնավորմամբ է նրան տրվել պետական պահպանություն, մնում է ենթադրել՝ վա՞խ, սարսա՞փ, թե՞ «պռասլուշկայի»՝ գաղտնալսման-գաղտնի նկարահանման ահ կոնկրետ մետաղադետեկտորի պարագայում:

Ի դեպ, Կարեն Անդրեասյանը միակը չէ, ում տրված է պետական պահպանություն, և ով սարսափում է իր կյանքի և առողջության համար, բայց այդ մասին՝ մեր հաջորդ հրապարակման մեջ:

Վերադառնալով Կարեն Անդրեասյանի «հերքմանը» անվտանգային միջոցառումների մասով՝ նշենք, որ օրենքը նախատեսում է նաև զննությունների կարգ, բայց այդ զննությունը կարող է կատարվել պահպանվող օբյեկտներ մուտք և ելք կատարելու ժամանակ:

Կարեն Անդրեասյանին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս կարդալ մեր հրապարակումը: Այնտեղ խոսք չկա շենք մուտք գործելիս զննության մասին, ինչը նորմալ երևույթ է պետական պահպանության ներքո գտնվող շենքերի պարագայում: Մենք գրել ենք Կարեն Անդրեասյանի աշխատասենյակ մտնելիս ԲԴԽ անդամների զննության մասին, և եթե դրանից ԲԴԽ անդամները չեն վիրավորվում, դա իրենց խնդիրն է. մենք արձանագրել ենք փաստը:

Ի դեպ, ոչ Ռուբեն Վարդազարյանի, և ոչ էլ Գագիկ Ջհանգիրյանի ժամանակ ԲԴԽ նախագահի աշխատասենյակ մտնելիս որևէ մեկի մետաղական դետեկտորով չեն զննել. նման սարք պարզապես չի եղել: 168.am-ի լրագրողը եղել է ԲԴԽ նախագահի աշխատասենյակում, հարցազրույց վարել Ռուբեն Վարդազարյանի հետ, և նրան ոչ ոք չի զննել որևէ սարքով, ուր մնաց՝ ԲԴԽ անդամներին:

Ինչևէ, դժվար թե Կարեն Անդրեասյանը ավելի լավ իրավաբան համարվի, քան, օրինակ, Ռուբեն Վարդազարյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, ովքեր մարդկանց սարքերով չեն ստուգել, իսկ օրենքով մանիպուլյացիաներ կատարելը թերևս նոր բան չէ գործող քաղաքական ուժի ու նրա անդամների, ինչպես նաև 5 րոպե առաջ կուսակցական տոմսը վայր դրած գործիչների համար:

Ինչ վերաբերում է «հերքման» վերջում տեղ գտած նախադասությանը, թե հրապարակման մեջ տեղ գտած ասեկոսեներն այնքան մտացածին են, որ նույնիսկ հարկ չեն համարում մեկնաբանել, Կարեն Անդրեասյանին և Խորհրդի անդամներին ուղղում ենք ընդամենը 3 հարց՝

1. Ինչո՞ւ է ԲԴԽ անդամությունից հրաժարվելու դիմում ներկայացրել Գրիգոր Բեքմեզյանը:

2. Ի՞նչ թեժ խոսակցություն է տեղի ունեցել ԲԴԽ-ում, և ի՞նչ է ասել Դավիթ Խաչատուրյանը Կարեն Անդրեասյանին:

3. ԲԴԽ անդամներ, ձեզ Կարեն Անդրեասյանի աշխատասենյակ մտնելուց առաջ ինչո՞վ են ստուգում:

Մենք կսպասենք այս հարցերի պատասխաններին:

Տեսանյութեր

Լրահոս