«Բա ի՞նչ անեինք»․ Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ «եթե ամեն ինչ փակուղում էր, ինչո՞ւ 2018թ․ եկան իշխանության» հարցին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ  Հայաստան ժամանող ԵՄ դիտորդական առաքելության գործունեության 2 ամիսը կարող է երկարաձգվել։

«Ես շատ կուզեմ, որ ոչ միայն ԵՄ ներկայացուցիչները, այլև ՌԴ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները գան ամբողջ սահմանով կանգնեն և տեսնեն այդ սադրանքները, որոնք անում է ադրբեջանական կողմը, մեղադրելով մեզ, միևնույն ժամանակ ասելով, որ իրենց «երկաթե ձեռքը» կոտրել է հայկական բանակը և այլն։ Թող գան կանգնեն ու տեսնեն, թե ով է հրահրում, ով է  խախտում հրադադարը։ Հայկական բանակը ի հեճուկս մեղադրանքների, ի հեճուկս 2020 թվականի իրավիճակի, այսօր ուղղում է իր մեջքը։ Կառավարության կողմից ամեն ինչ արվում է  մեր զինվորների, բանակի ոգին բարձրացնելու համար, դրա վառ ապացույցն էր սեպտեմբերի 13-ին մեր տղաների հերոսամարտը, երբ իրենք բառիս բուն իմաստով հերոսաբար պահեցին ՀՀ սահմանը։ Իմ ընկալմամբ՝ սեպտեմբերի 13-ի պատերազմի նպատակները լիովին այլ էին, և շնորհիվ բանակի, այդ նպատակները չստացվեցին»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա, այդ ժամանակ հայկական կողմն ունեցավ զոհ, սակայն հակառակորդի զոհերը 2-3 անգամ ավելին են։

«Այո, Հայաստանը մենք պետք է պաշտպանենք, թեկուզ զոհվելով։ Կարծում եմ՝ սեպտեմբերի 13-ի պատերազմը մի քանի նպատակ է ունեցել, մաքսիմում նպատակն է եղել հնարավորինս շատ տարածքային առավելություն ունենալ, իսկ մինիմում նպատակը՝ ստուգել հայկական բանակի մարտունակությունը։ Պատերազմի առաջին ժամերին Ադրբեջանը հայտարարեց, որ ունի 70 զոհ, իմ տվյալներով՝ զոհերի քանակը 431 է»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ բանակի ուղղությամբ մշտապես գործողություններ են կատարում, շատ բաներ կան, որոնք բարձրաձայն չի կարող ասել, բայց բանակն անընդհատ վերականգնման, վերակառուցման և նորացման ճանապարհի վրա է։

Ինչ վերաբերում է  դիվանագիտությանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ վերջին 1-2 տարվա ընթացքում շատ լավ է գնահատում հայկական դիվանագիտությունը։

«Ինձ հարցնում էին, թե արդյո՞ք ճիշտ է Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ես ասացի, որ Մակունցը լինելու է մեր լավագույն դեսպաններից, տեսա՞ք, թե որքան ակտիվացան հայ-ամերիկյան հարաբերությունները, նույնը Սուրեն Պապիկյանը, նույնը կարող եմ ասել ԱԳ նախարարի մասին, տեսնո՞ւմ եք, թե որքան ճիշտ է պարոն Միրզոյանի աշխատանքն այնտեղ։ Եվ մնացած բոլոր առումներով՝ արդյունավետության։ Բոլոր այն տեղերում, որտեղ մենք նշանակում ենք արել, ի հեճուկս հին ստանդարտների»,- հավելեց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանը ռեսուրս չունի պաշտպանելու արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, և հարցին՝ մտավախություն չկա՞, որ Արցախի մնացյալ հատվածն էլ Ադրբեջանի կողմից կօկուպացվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ մտավախություն միշտ էլ կա։

«Սակայն, խոսքերից, կենացներից ու հայտարարություններից զատ, կան գործողություններ և Հայաստանն իր գործողություններով ապացուցել է, որ ավելի շատ բան է արել և անում Արցախի համար, քան նախկին իշխանությունը։ 30 տարվա այն ճանապարհը, որ մեր բանակը և այն մասնակի միֆը, որը կառուցվել էր, իր փորձությունը չկարողացավ անցնել, դրա հետ կապ չունի ո՛չ հեղափոխությունը, ո՛չ իշխող թիմը, մենք տեսանք, որ այդ միֆը մարտահրավերին չկարողացավ դիմանալ»,- շեշտեց նա։

Դիտարկմանը, որ նույն բանակը դիմացավ 2016 թվականի ապրիլյան պատերազմին, Ալեն Սիմոնյանն ասաց, թե՝ նախ պետք է հասկանալ, թե ինչի դիմաց դիմացավ։

«Դիմացավ այն բանի դիմաց, որ կրկին, վերջին անգամ Սերժ Սարգսյանին շանս տրվեց հողերն առանց պատերազմի հանձնելու։ Դրանից հետո եղան հայտնի իրադարձություններ, դրանց մասին չեմ ուզում խոսել։ Նույն Սերժ Սարգսյանը 100 անգամ այդ մասին ֆիքսել է, որ փակուղի է, վերջացել է, և դա անվանել հաղթանակ, երբ 100 զոհ ես տալիս, հետո ասում՝ մի 80 հոգի էլ զոհ տամ, և ևս 2 ամիս, բայց այդպես չի լինում»,- նշեց ԱԺ նախագահը։

Հարցին՝ եթե ամեն ինչ փակուղում էր, ինչո՞ւ 2018 թվականին եկան իշխանության, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ բա ի՞նչ անեին։

«Փակուղում էր, և Նիկոլ Փաշինյանը տարավ այն ուղիով, որտեղ հնարավոր էր, որ լուծում կլիներ։ Հակառակորդն իմանալով, որ Հայաստանը ժողովրդավարանում է, տնտեսապես ոտքի է կանգնում, հասկացավ՝ եթե հիմա պահը բաց թողնի և չհարձակվի, ապա հետագայում դժվար կլինի։ Սերժ Սարգսյանին հարցրեք, թե ինչի հաշվին կանգնեց ապրիլյան պատերազմը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս