Առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. մանրամասներ Փարաքարում կատարված դեպքից
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած հետևողական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 11-ին տեղեկություններ ստացան առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրին վաղ առավոտյան՝ Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։ Երևանի Ազատամարտիկների փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքի, այդ թվում՝ մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 11.30-ին, արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Գետափի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանություն: Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի ճանապարհին էր, երբ բաժնում հաղորդում ստացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնից. Էջմիածնի շտապօգնությունն իրենց մոտ էր տեղափոխել մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու` փարաքարցի 36-ամյա Վարազդատ Բարոյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ համագործակցեցին։ Փոխլրացնող ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում նրանք հաջողության հասան։
Մասնավորապես, քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի, ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Վարազդատ Բարոյանի մեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ սարք էր տեղադրվել։
Պարզվել էր նաև ոչ միայն սպանությունը կատարողի, այլև հանցագործության կատարմանն օժանդակած անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Հոկտեմբերի 11-ին հայտնաբերված մեղադրյալը ոստիկանությունից ներկայացվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։ Նախաքննությունը շարունակվում է: