«Չասեմ՝ ով ես դու, դու լավ գիտես՝ ով ես, մտքումս, գիտես, չէ՞, քեզ ինչ եմ ասում». Նաիրա Զոհրաբյանը՝ Աննա Հակոբյանին

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին գրառում է արել «Կանայք հանուն խաղաղության» իր նախաձեռնության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը:

Արշավի իմ ուղերձը հետևյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանցի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետությունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»:

Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, և վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։

Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, և բոլոր նրանք, ովքեր դա անում էին Ֆեյսբուքյան քոմենթի տեսքով): Արշավի պաշտոնական էջի «Ես աջակցում եմ» բաժնում գրանցվել է 790 անհատ և 17 կազմակերպություն»,- գրել էր Աննա Հակոբյանը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Աննա Հակոբյանի այս գրառմանը և նրա արտահայտած մի քանի մտքերին, կարծիք հայտնեց, որ Աննա Հակոբյանը պետք է առնվազն պարկեշտություն ու տարրական հարգանք ունենար զոհերի հանդեպ և լռեր։

«Բայց մենք տեսնում ենք, որ «վիսկչկայի» նման անընդհատ ինչ-որ բաներ է գրում, մեծ մասն անգրագետ, մեծ մասն անիրազեկ, փորձում է  պատմություն սրբագրել։ Չի հասկանում, որ ինչ ինքն ու իր ամուսինն են արել՝ սրբագրելի չէ։ Չի հասկանում, որ իրենք մնալու են պատմության մեջ՝ որպես Արցախ հանձնածներ, փորձում է իրեն թագուհիների հետ նույն հարթության մեջ դնել, սա հիվանդագին փառասիրություն է, ցինիզմ։ Փոխանակ ձայնը կտրի, լուռ, աննկատ, որպեսզի իր մասին որևէ բան չհիշեցնի, որովհետև իր ցանկացած երևալը, ինչ-որ հարսանիքներ, անճաշակ ֆոտոսեսիաներ՝ աղ է, մրմուռ է զոհերի հարազատների, մայրերի բաց վերքին։

Ասում է՝ իմ կոչը պիտի բավարար լիներ, որպեսզի ազգն ինքնակազմակերպվեր։

Ո՞վ ես դու, չասեմ՝ ով ես դու, դու լավ գիտես՝ ով ես։ Հավես չունեմ դատարաններում քո նմանի համար քաշ գալու, դու շատ լավ գիտես, թե դու ով ես»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, Աննա Հակոբյանը փորձում է հավասարության նշան դնել հայի ու հային սպանած ադրբեջանցի ստահակի միջև, կամ ասել, թե պատերազմ է լուսաբանել, ֆենած մազերով ու թևնոցներով ինչ-որ ֆոտոսեսիաներ է արել։

«Սրա ամուսինը հայ մոր միակ տղային տարել է և «բայրաքթարների» տակ մորթել է, բայց նա ասում է՝ հայ կինը ցուցաբերեց մեռելային լռություն, հասկանո՞ւմ եք սրա ցինիկ ձևակերպումները։

Մտքումս, գիտես, չէ՞, քեզ ինչ եմ ասում, ամեն բառս գիտես, չէ՞, քեզ ինչ եմ ասում և ինչ է լինելու քեզ հետ։ Ես ականատես եմ լինելու քո ու քո ամուսնու վերջին օրերին։ Պիտի այնքան ապրեմ, մինչև տեսնեմ այն պատիժը, ինչին դուք արժանի եք։ Ես էլ բառ չունեմ ասելու, բառը հայհոյանքն է, որը պետք է հնչեցվի սրա հասցեին»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս