«Արևմուտքը պատրա՞ստ է այնպիսի ճնշումների, որպեսզի Ղարաբաղ-Ադրբեջան բանակցություններ հնարավոր դառնան»․ Մալաշենկո
«Ուկրաինայից հետո հարավկովկասյան զարգացումներն այս պահին ամենահետաքրքիրն են, որը դրսևորվում է արևմտյան դիվանագիտության՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ, աննախադեպ ակտիվությամբ և ՌԴ աննախադեպ պասիվությամբ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Պրահայում քառակողմ բանակցությունների արդյունքներին։
Նա նշեց, որ Ռուսաստանը, կարծես, իր իսկ ցանկությամբ ու գիտակցաբար դուրս է դրվել գործընթացից, հակամարտությամբ ինտենսիվ զբաղվելու ռեսուրս չունի։
Ըստ նրա, դա հանգեցնում է նրան, որ ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը և կարող է վերջնական կորցնել, քանի որ կային պատրանքները, թե տարածաշրջանը «պետք չէ» Արևմուտքին, զարգացումները ցույց տվեցին, որ դա այդպես չէ ու այդպես չէ առաջին հերթին՝ այստեղ ՌԴ ազդեցության պատճառով։
«Արևմուտքի վերջնական հաջողությունը Հարավային Կովկասում մեծապես կախված է Ռուսաստանից ու ՌԴ գործողությունների ուկրաինական տևողությունից։ Եթե դրանք երկարաձգվեն, իսկ ՌԴ-ն իր քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չփոխի, ապա լիովին դուրս կգա ռեգիոնից իր բոլոր բաղադրիչներով։ Սա պետք է հստակ հասկանալ, քանի որ, ինչպես երևում է, կային պատրանքներ, որ այսպիսի զարգացումներ հնարավոր չեն։ Տեսանք, որ Միշելի նախաձեռնությունը հայտնվել էր տապալման վտանգի տակ, իսկ Արևմուտքը կոնսոլիդացվեց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տեսքով, ու գործընթացը վերսկսվեց ու կարծում եմ՝ տեմպը կպահպանվի մինչև վերջնական համաձայնություններ։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա ակնհայտ է դառնում նաև այն, որ Երևանը դուրս է գալիս Ղարաբաղի հարցով բանակցություններից, բանակցությունները կշարունակվեն առանց Երևանի, գուցե հնարավոր դառնա դրանց համանախագահներ կցելը լավագույն դեպքում, սա՝ արևմտյան սցենարի դեպքում։
Չի բացառվում, որ ՌԴ-ն ինչ-որ փուլում որոշումներ կայացնի, որը կարող է բեկել այս ընթացքը, բայց դեռ անորոշ է թվում, ՌԴ գործողությունները, արձագանքներն արդեն կամ ուշացած են ստացվում, կամ անտեղի, այսինքն՝ դիվանագիտությունն արևմտյան ուղղությամբ այնքան է ինտենսիվացել, որ ՌԴ-ն կորցրել է «թելը»»,- ասաց վերլուծաբանը։
Նա այն կարծիքին է, որ արևմտյան սցենարի դեպքում բարդություններ կան ԼՂ կարգավիճակի հստակեցման առնչությամբ։
«Դժվար է պատկերացնել Ղարաբաղ-Ադրբեջան բանակցություններ Ադրբեջանի մաքսիմալիստական ակնկալիքների պարագայում։ Արևմուտքը պատրա՞ստ է այնպիսի ճնշումների, որպեսզի սա հնարավոր դառնա, իսկ հնարավոր է, որ Ադրբեջանը հրաժարվի արևմտյան ծառայություններից ինչ–որ փուլում, եթե այդպես պատահի, ի՞նչ նախաձեռնություններով հանդես կգա ՌԴ-ն։ Այս պահին դեռ Բրյուսելի միջնորդությունը հաջողվում է, եթե կողմերը սահմանային հարցերի շուրջ պայմանավորվեն, ապա առանց Ղարաբաղի համաձայնության կհասնեն։ Իսկ Ղարաբաղի հարցով բարդ հարցեր կմնան»,- ասաց նա։