«Կորոնավիրուսը չի վերանում, կանխանխատեսումներն այնպիսին էին, որ չի էլ վերանալու այլևս»․ Անահիտ Ավանեսյան
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե կորոնավիրուսի համավարակի հետ կապված ի՞նչ պատկեր կա այսօր։
«Կորոնավիրուսը չի վերանում, և մեր բոլոր կանխանխատեսումներն այնպիսին էին, որ չի էլ վերանալու այլևս, այն դառնում է էնդեմիկ հիվանդություն և տարվա ընթացքում ունենալու է ակտիվացման շրջաններ»,- պատասխանեց նախարարը։
Նրա խոսքով՝ վերջերս Հայաստանում վիրուսի ակտիվացման ալիք են գրանցել, սակայն այս պահին կան թեստավորման արդյունքներով դրական պատասխանների նվազում․
«Ունենք հիվանդացության դեպքերի նվազում, ինչը չենք կարող ասել, թե առաջիկայում ինչպիսի փոփոխության կենթարկվի։ Պատվաստումները շարունակում են մնալ անհատների համար լավագույնս պաշտպանվելու ձև, և այս ամբողջ ընթացքում էլ մեր հիվանդանոցային օղակը գրանցում է, որ պատվաստված քաղաքացիները շատ ավելի թեթև են տանում հիվանդության սիմպտոմները։ Ուստի այն քաղաքացիները, որոնք 6 ամիս առաջ պատվաստվել էին, և լրացել է 6 ամիսը, մենք շարունակում ենք խորհուրդ տալ՝ ստանալ 3-րդ խթանիչ դեղաչափը»։
Ավանեսյանն ասաց, որ այս պահին հասանելի է «Պֆայզեր» պատվաստանյութը․
«Ընթացքում որոշ տեսակներ վերջանում են, նորը ստանում ենք, բայց մեզ համար այս պահին խնդիր դրված չէ ապահովել պատվաստանյութերի ամբողջ տեսականին, որովհետև դրա կարիքը չկա, կարևորն առկայությունն է, որն ապահովում ենք մենք․․․»։