Սյունիքի դիրքերը պաշտպանելիս զոհված 20-ամյա Սարգիսն ընտանիքի միակ որդին էր, 6 ամսից զորացրվելու էր
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվել է Արարատի մարզի Լուսառատ համայնքի բնակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող 20-ամյա Սարգիս Գևորգի Մանուկյանը։
Սարգիսը տան միակ որդին էր, ունի 1 քույր, որը 2-րդ դասարանում է սովորում։
Զոհված զինծառայողի դասղեկը՝ Սահականուշ Գաբրիելյանը, 168.am-ի հետ զրույցում իր նախկին աշակերտին բնութագրեց չափազանց բարի, խելացի և դաստիարակված մարդ։
«Ինքը բոլորի հանդեպ հարգանքով էր, ուշադիր․․․ Գերազանց չէ, բայց լավ էր սովորում, շատ խելացի տղա էր։ Հինգերորդ դասարանից մինչև տասներկուերորդ դասարան իրենց դասղեկն եմ եղել, պարզապես Սարգիսը 9-րդ դասարանն ավարտելուց հետո դուրս եկավ դպրոցից և ուսումը շարունակեց «Հայբուսակ»-ում՝ որպես ատամնատեխնիկ»։
Սարգիսը ծառայության էր մեկնել 2021 թվականի գարնանը, 6 ամսից պետք է զորացրվեր։
«Սիսիանի զորամասում էր ծառայում, ցավոք, այս պատերազմի ժամանակ Սյունիքի դիրքերը պաշտպանելիս զոհվեց մեր Սարգիսը։ Դեպքը եղել է կռվի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին, քանի որ ինքն այդ օրը ժամը 4-ի սահմաններում խոսել է մայրիկի հետ, դրանից հետո է զոհվել․․․»,- ասաց Սարգսի դասղեկը։
Սարգիս Մանուկյանի հուղարկավորությունն այսօր է՝ Լուսառատում։ Տիկին Գաբրիելյանն ասաց, որ նրանց դասարանի տղաներից միայն մեկն է զորացրվել, մյուսները դիրքերում են․
«Հիմա իրենց դասարանի երեխաների հետ պետք է գնանք և վերջին հրաժեշտը տանք մեր Սարգսին․․․»։