Արարատ Միրզոյանի խորհուրդը Վարդան Օսկանյանին

«Ասացիք, որ հոդվածի վերլուծության հիմքում դրված է որոշակի կանխավարկած և դրա հիման վրա կառուցված է վերլուծություն և արվում է պնդում։ Ես տարակուսանք ապրեցի, երբ կարդացի դա, որովհետև պնդումների, հետևությունների հիմքում դրված է շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հոդվածին։

Ըստ Արարատ Միրզոյանի, եթե ստացվի, որ նման պայմանավորվածություններ չկան, կստացվի, որ ամբողջ հոդվածն անտեղի բառերի միացություն է։

«Իսկ նման պայմանավորվածություններ չկան, և մենք այդ մասին բազմիցս ասել ենք։

Հարցը երկրորդ շերտ էլ ունի, ես շարունակաբար փորձում եմ չտրվել այդ գայթակղությանը և չանդրադառնալ ներքաղաքական ասպեկտին, բայց այստեղ չեմ կարող չասել։ Գիտեք, սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվն է, որ Հայաստանն ինչ-որ բան է պարտավորվել՝ չի անում, և դա լեգիտիմացնում է ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ես պարոն Օսկանյանին և այլոց խորհուրդ կտայի, որ նման մտքեր շրջանառելուց առաջ մի հատ այդ հարցի ասպեկտին էլ ուշադրություն դարձնեն»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայմանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ կա համընդհանուր ընկալում, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից և ընդհանուր «խաղաղության պայմանագրի» կնքումը դեռևս բավարար երաշխիքներ չստեղծեն և հավելյալ երաշխիքներ պահանջվեն։

«Օրինակ, Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիտորինգային, դիտորդական  կամ որևէ մի այսպիսի մեխանիզմի առկայություն պահանջվի։ Սա այլ գործիքակազմից մեկն է, որը քննարկվում է, ի թիվս մյուս գործիքների՝ միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

Մեկ այլ գործիք էլ կարող եմ նշել, օրինակ, ենթադրաբար Հայաստան-Ադրբեջան սահմանից զինվորներից որոշակի հեռավորության վրա դիստանցավորում, հետքաշում և այլն։ Կան տարբեր գործիքներ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս