Այս անգամ Ադրբեջանի կողմից փոխանցած առաջարկներն ըստ էության կառուցված են մարտի կեսերին փոխանցած սկզբունքների վրա. Արարատ Միրզոյան
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանական պատգամավորի հարցին, որը վերաբերում էր հոկտեմբերի 4-ին Ժնևում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված էր, որ հայկական կողմին են փոխանցել «Խաղաղության պայմանագրի» տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։
Որո՞նք են այդ տարրերը և արդյո՞ք այդ ուղղությամբ կա որևէ զարգացում։
Ըստ Արարատ Միրզոյանի, իսկապես հայկական կողմին փոխանցվել է այդպիսի փաստաթուղթ։
«Ադրբեջանի մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքներն ըստ էության հրապարակվել են։ Եվ մեր հանրությունը, և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին։ Այդ անգամ մենք ֆիքսել ենք, որ այնտեղ ըստ էության մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ Ադրբեջանի կողմից փոխանցած առաջարկներն ըստ էության կառուցված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ, կան բաներ, որոնք մենք վերլուծում ենք և դեռ կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք մեզ համար կրկին ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որոնք ընդունելի չեն լինի, կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավվել։ Այսինքն՝ նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումների մեխանիզմներին, Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կրկին պիտի հղում անի 5 կետերի հետ կապված պատմությանը։
«Եթե հիշում եք, մենք ասացինք՝ այդ 5 կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը, և կիսվեցինք մեր պատկերացումներով։ Այդ պատկերացումների մեծ մասը վերաբերում էր հենց Լեռնային Ղարաբաղին և այժմ էլ բանակցությունների մաս է ահա այս հարցի հասցեագրումը։ Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել, այս մասին քննարկումներ են ընթանում։ Երբ, անշուշտ, մենք ունենք այլ դիրքորոշում, Ադրբեջանը մեկ այլ, երբ կհանգենք փոխադարձ ինչ-որ ընդունելի դիրքորոշման, անպայման կտեղեկացնենք»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։