Բաժիններ՝

Նման անկառավարելի շինարարություն երևի ոչ մի երկրում չկա. Քաղաքաշինության կոմիտեին կոչ եմ անում այս վիճակին վերջ դնել. բնապահպան

Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի չափը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոնի» տարածած տեղեկության համաձայն՝ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ սեպտեմբերի 8-ին, 9-ին, 12-14-ը, Արաբկիրում՝ սեպտեմբերի 8-ին:

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Երևանում օդի աղտոտատվածությանը, փոշու առկայությանը՝ նշեց, որ պատճառները շատ են:

«Սևան-Երևան ճանապարհին մեծ քանակությամբ ավազի հանքեր կան: Սեպտեմբերի 21-ին այդտեղ մրրիկ բարձրացավ ու քամին ամբողջ փոշին տարավ Երևանի ուղղությամբ, ու այն նստեց Երևանի վրա: Բացի դա, կլիմայական փոփոխությունները  լինում են աշնանը: Հիմա պրակտիկորեն չկան տեղումներ, տաք աշուն է: Երևանն էլ շատ խիտ կառուցապատված քաղաք է՝ բոլոր նորմերից դուրս: Նման անկառավարելի շինարարություն երևի ոչ մի երկրում չկա:  Չգիտեմ, թե ինչ են մտածում Քաղաքապետարանը և Քաղաքաշինության կոմիտեն, բայց այս վիճակը հանգեցնում է օդի աղտոտվածությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ օդն աղտոտում են նաև մեքենաները:

«Ունենք մեծ քանակությամբ ներկրված մեքենաներ. սկզբից բերում էին Ճապոնիայից, որտեղ այդ մեքենաները շատ քիչ էին վարել և համեմատաբար լավ վիճակում էին, քան հիմա ԱՄՆ-ից ներկրվածներն են, որոնք ջարդուփշուր եղած են, բոլոր տեխնիկական հնարավորությունները սպառած, սակայն սարքում ու վաճառում են: Մարդիկ էլ առնում ու կարծում են, թե մեքենա են վարում: Ի դեպ, քարոզը որ արվում է էլեկտրոմոբիլների վաճառքի առումով, փորձեք գնալ ու բանկով գնել: Աշխատավարձդ պետք է լինի 1 միլիոն դրամ, որ տան: Ո՞ր մարդն է ի վիճակի այս դեպքում գնել մեքենա»,- ընդգծեց բնապահպանը:

Սիլվա Ադամյանը նշեց՝ ոչինչ չի արվում քաղաքի օդը մաքրելու համար:

«Քաղաքը չի ջրվում: Կենտրոնում մի երկու տեղ են  ջրցան մեքենաները գալիս: Ախր Երևանն այնքան փոքր քաղաք է, ամբողջ քաղաքը պետք է մաքրվի, ամոթ էլ է, որ այս վիճակում ենք: Քաղաքաշինության կոմիտեին կոչ եմ անում այս վիճակին վերջ դնել: Կամ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում: Երբ կառուցապատում ենք, պետք է պարտադիր պայման լինի կանաչապատումը: Նույնիսկ սեփական տուն սարքող մարդկանց պետք է ստիպել, որ շրջապատը կանաչ լինի»,- եզրափակեց բնապահպանը:

Տեսանյութեր

Լրահոս