
Վրաստան բենզինի և դիզվառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանից

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության տվյալներով, 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումը կազմել է 739,7 հազար տոննա, ինչը 23,6 հազար տոննայով կամ 3,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2022 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում երկիր է ներմուծվել 375,5 հազար տոննա բենզին և 364,2 հազար տոննա դիզելային վառելիք։
Ըստ aliq.ge-ի՝ հիշյալ ժամանակահատվածում բենզինի և դիզվառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանից՝ 335,1 հազար տոննա, որը կազմում է ամբողջ ներմուծման 45,3 տոկոսը։ Ռուսաստանին հաջորդում է Ռումինիան՝ 176,5 հազար տոննա, Բուլղարիան՝ 87,9 հազար տոննա, Թուրքմենստանը՝ 68,4 հազար տոննա, Ադրբեջանը՝ 55,3 հազար տոննա, Թուրքիան՝ 7,6 հազար տոննա, Հունաստանը՝ 4,7 հազար տոննա, Ղազախստանը՝ 1,8 հազար տոննա և այլն։