Բաժիններ՝

Պետական աջակցությամբ տնտեսավարողները ձեռք են բերել բարձր մթերատվությամբ 1670 տոհմային խոշոր եղջերավոր կենդանի

Հայաստանում պետական ծրագրի շրջանակում տնտեսավարողները ձեռք են բերել շուրջ 1670 բարձրարժեք տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնց մոտ 20 տոկոսը բուծված է տեղում, իսկ մնացածը ներկրվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակի, ընթացի մասին մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը

«Ծրագրի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների համար, որպեսզի կարողանան ձեռք բերել տոհմային բարձրարժեք, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված խոշոր եղջերավոր կենդանիներ, մասնավորապես՝ 14-17 ամսական էգ հորթեր և երինջներ»,-ասաց Տեր-Իսահակյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ընդհանուր նախրում լինի տոհմային կորիզ, այսինքն՝ այնպիսի կենդանիներ, որոնք օժտված են բարձր գենետիկական ներուժով և բարձր մթերատվությամբ: Ծրագիրը տնտեսավարողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել այնպիսի կեդանիներ, որոնք կնպաստեն տեղում բուծվող կենդանիների մթերատվության բարձրացմանը:

Ծրագրից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Դրա շրջանակներում ձեռք բերվող առավելագույն գլխաքանակը 300 գլուխ կենդանին է: Տրամադրվում է մինչև 300 մլն դրամի վարկ, այսինքն՝ մեկ կենդանու հաշվով վարկը կազմում է 1 մլն դրամ: Վարկի տոկոսադրույքը պետությունը սուբսիդավորում է այն չափաքանակով, որ տնտեսավարողի համար տոկոսադրույքը մնա կամ մի դեպքում 2 տոկոս, կամ մյուս դեպքում 3 տոկոս: «Կառավարության կողմից հաստատվել է մի որոշում, որով փորձել ենք խթանիչ ֆունկցիա կիրառել, որ Հայաստանում զարգանա տոհմային վաճառքը: Այսինքն՝ եթե ձեռք են բերում Հայաստանում աճեցված տոհմային կենդանի, սուբսիդավորվում են այն չափաքանակով, որ իրենց համար տոկոսադրույքը կազմի 2 տոկոս: Իսկ, եթե ներկրում են կենդանի, այդ դեպքում՝ 3 տոկոս: Սահմանամերձ համայնքների տնտեսավարողների և կոոպերատիվների համար վարկը հատկացվում է 0 տոկոսով, այսինքն՝ պետությունն ամբողջությամբ սուբսիդավորում է»,-ասաց Տեր-Իսահակյանը:

Ծրագրի մեկնարկից ի վեր դրանից օգտվել է 26 շահառու, որոնք ձեռք են բերել 1670 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ: Վարկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 607 մլն դրամ: Պետությունը սուբսիդավորել է շուրջ 267 մլն դրամ: Ծրագրի շրջանակում ձեռք բերված գլխաքանակի 20 տոկոսը՝ շուրջ 330 գլուխ կենդանի, ձեռք է բերվել Հայաստանից: Ընդ որում, Տեր-Իսահակյանի խոսքով, ՀՀ են ներկրվել ճանաչված ցեղատեսակի կենդանիներ՝ ինչպես եվրոպական երկրներից, այնպես էլ ՌԴ-ից, Ուկրաինայից:

Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 2022 թվականին կազմել է շուրջ 560 հազար գլուխ, այդ թվում՝ կովերի գլխաքանակը շուրջ 246 հազար: Հայաստանում մեկ կովի միջին կաթնատվությունը տատանվում է շուրջ 2450 կգ-ի սահմաններում:

«Ծրագրի շրջանակում ձեռք բերված կենդանիներն իրենց մթերատվությամբ բավականին տարբերվում են ՀՀ-ում արձանագրված խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության միջին ցուցանիշներից: Այդ կենդանիների մթերատվությունը գրեթե կրկնակի, որոշ դեպքերում՝ անգամ ավելի գերազանցում է Հանրապետության միջին ցուցանիշներին: Մասնագիտական տեսանկյունից չափազանց կարևոր է նոր գենոֆոնդի և բարձր ներուժի ներկրումն ու օգտագործումը՝ հետագա բուծման և տոհմային գործի մեջ»,-ասաց նա:

Տեր-Իսահակյանը կարծում է, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված կենդանիների գենոֆոնդը հետագայում նաև կօգտագործվի՝ տրամախաչումների միջոցով Հանրապետության այլ կենդանիների արտադրատնտեսական որակի բարելավման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս