Գլխավոր դատախազ Վարդապետյանը Կոլեգիայի նիստ է անցկացրել. ներկայացվել է գլխավոր դատախազի նոր տեղակալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:
Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Կոլեգիայի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արիաբար զոհված հայորդիների հիշատակը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին, անդրադարձել թեկնածուի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին:
Գլխավոր դատախազ Վարդապետյանի առաջարկությամբ, Կոլեգիայի անդամները կարծիք են հայտնել առաջարկության վերաբերյալ՝ միաձայն ընդգծելով Արթուր Պողոսյանի մասնագիտական և մարդկային բարձր որակները, արհեստավարժությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը:
Գլխավոր դատախազը, եզրափակելով հարցի քննարկումը, նշել է, որ այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ խնդիր ունենք դիմագրավելու ներքին և արտաքին մարտահրավերները: «Այսօր յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է: Պարոն Պողոսյան, ես ուրախ եմ, որ դուք վերադառնում եք Դատախազություն: Վստահաբար, դուք այն մարդկանցից եք, ում հետ միասին ես այդ խրամատը ուղիղ և փոխաբերական իմաստներով պատրաստ եմ պահել: Ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ: Ուրախ եմ, որ ձեր նշանակման փաստաթղթի տակ դրված կլինի իմ ստորագրությունը»,- շեշտել է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հնչած բոլոր կարծիքների ու գնահատականների համար՝ վստահեցնելով, որ կանի հնարավորն ու անհնարինը Դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար: