«Պայքարե՛ք, պաշտպանե՛ք ձեր ազատությունը». Զելենսկին դիմել է Կովկասի ժողովուրդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կովկասի, Սիբիրի և Ռուսաստանի այլ բնիկ ժողովուրդներին, որոնց ներկայացուցիչները պատերազմի են ուղարկվում Ուկրաինայի դեմ։ Զելենսկին նրանց հորդորել է պայքարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ և չթողնել, որ իրենց թնդանոթի միս դարձնեն անհարկի պատերազմում, գրում է news.liga.net-ը։

«Դաղստանցիները չպետք է զոհվեն Ռուսաստանի ստոր ու ամոթալի պատերազմում՝ չեչենները, ինգուշները, օսերը, չերքեզները և ցանկացած այլ ժողովուրդ, որը հայտնվել է ռուսական դրոշի ներքո։ Ընդհանուր առմամբ կա գրեթե 200 ազգ: Դուք գիտեք, թե ով է ձեզ բոլորիդ ուղարկում Ուկրաինա կռվելու», – ասել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն զոհվել է մոտ 58 500 ռուս զինվոր, սակայն ռուսներին այս թիվը չի ասվում, և նրանք ստում են, թե իբր զոհվել է ընդամենը մոտ 6000-ը։

«58․500՝ սա է ճշմարտությունը: Նրանք բոլորը զոհվել են, որովհետև մի մարդ էր ուզում այս պատերազմը: Միայն մեկը, որին շատերը ծառայում են: Կովկասի ժողովուրդները, Ռուսաստանի տարածքում գտնվող բոլոր ժողովուրդները, դուք պատճառ չունեք լինել այս շատերի մեջ, որոնք ծառայում են նրան, ով ցանկանում է այս պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում տեսնում են Կովկասի ժողովուրդների դիմադրությունը մոբիլիզացիային։

«Պայքարե՛ք, որ չմեռնեք, պաշտպանե՛ք ձեր ազատությունը հիմա փողոցներում և հրապարակներում, որպեսզի հետո ստիպված չլինեք պայքարել լեռներում և անտառներում միայն ձեր ապրելու իրավունքի համար, երբ ռուսական կառավարությունը սկսի մոբիլիզացիայի հաջորդ ալիքը։ Պայքարե՛ք, դուք կպայքարեք»,- ասել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս