34-ամյա մի տղամարդը նկարչի արհեստանոցից գողացել էր 350 կտավ ու հնաոճ իրեր
Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ: Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված վայր:
Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս էր:
Քիչ անց բաժնում հաղորդում է տալիս նկարչի դուստրը: Նա հայտնում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հոր արվեստանոցից գողացել են յուղաներկով արված 350 կտավ, հնաոճ իրեր, այդ թվում` պղնձե երեք ինքնաեռ ու կավե կուժ, նաև թվային ֆոտոխցիկ: Դուստրն ուներ նաև որոշակի կասկածներ, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Հիմնավորումն այն էր, որ արվեստանոցի բանալին կար նաև նրա մոտ:
Փաստի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, քննչական գործողություններ, առաջ քաշվեցին վարկածներ:
Մանրակրկիտ ուսումնասիրվեց նաև նկարչի դստեր կասկածը, որն արագ հերքվեց:
Ձեռք բերված սուղ տեղեկությունների պայմաններում Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, և հետևողական աշխատանքի արդյունքում ի վերջո պարզեցին կատարողի ինքնությունը:
Ահազանգից վեց օր անց, սեպտեմերի 27-ի առավոտյան Վիկտոր Համբարձումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք:
Ամենակարևորը` գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: