
Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները: Դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ:
Եվրոպական երկրների համար մոտենում է ընտրություն կատարելու պահը. կամ Ուկրաինայի հետ են մինչև վերջ, կամ Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու ճանապարհներ են փնտրում և դուրս գալիս վտանգավոր խաղից:
ԱՄՆ-ի համար օրակարգային է դառնում հետևյալ հարցը. շարունակում է սրել հակամարտությունը` մինչև աշխարհին սպառնացող միջուկային պայթյուններ, թե՞ նախապատրաստում է ուկրաինական պարտիայի վերջնախաղը: Միջուկային զինանոցի կիրառման հավանականությունը թերագնահատել չի կարելի, հատկապես, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողնում:
Մեր փոքրիկ ու վտանգված հայրենիքի ապագան հերթական անգամ կախված է կրկին փոփոխվող աշխարհակարգի դաժան սցենարներից: Այսօր, առավել քան երբևէ պետք է լինենք խելամիտ, հեռատես, կազմակերպված ու համախմբված: Այս դաժան, պրագմատիկ ու հաշվենկատ աշխարհում, մեզ հոգով ու մտքով կապիտուլյանտ, տեսակով թուլամորթ ու տգետ կառավարություն պետք չէ»։