Հիվանդացությունը և մահացությունը COVID-19-ից շաբաթվա ընթացքում անկում է գրանցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում
Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում 11 տոկոսով անկում է գրանցել, մահացությունը՝ 18 տոկոսով: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Սեպտեմբերի 19-ից մինչեւ 25-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացությունն նվազել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Ախտահարումների թվի ամենամեծ նվազումը դիտվել է Աֆրիկայում (33 տոկոսով) եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի տարածաշրջանում (19 տոկոսով): Ընդամենը շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 3 մլն նոր դեպք:
Կորոնավիրուսից մահերի թվաքանակը նույնպես նվազել է բոլոր տարածաշրջաններում: Մահվան դեպքերի թիվն ամենից շատ նվազել է Աֆրիկայում (34 տոկոսով), Եվրոպայում եւ Արեւելյան Միջերկրականում (երկու տարածաշրջաններում 26 տոկոսով):
Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով պայմանավորված 8,9 հազար մահվան դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 616 մլն դեպք եւ հիվանդության հետեւանքներից 6,5 մլն մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: