Չարժե իրական պայմանավորվածությունները փոխարինել երևակայական բանով. Զախարովան՝ միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, ասել է, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:
«Մենք հանդես ենք գալիս երեք երկրների միջև կնքված հայտարարությունների լիարժեք և անխափան կատարման օգտին: Այնտեղ կա և՛ տեսություն, և գործնական աշխատանք: Կատարվածի արձանագրում և ապագայի ծրագրեր: Դրանով իսկ դրանք հանդիսանում են իրական և ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ քիչ չեն քաղաքական ու հանրային գործիչները, որոնք ցանկանում են փոխել պայմանավորվածություններն այլ գաղափարներով: «Նրանք խոստանում են շատ բան, բայց արդյունքներ չկան»,- ըստ aravot.am–ի՝ ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանում քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները չեն նպաստում փոխադարձաբար ընդունելի լուծումներ որոնելուն:
«Դրանից շատ օգուտ չկա: Իմաստն այլ է: Երևանում այսօր Զասը Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ մոնիթորինգի արդյունքները: Մինչ այդ հաշվետվություն էր ներկայացվել ՀԱՊԿ մշտական խորհրդի շրջանակում: Փորձագետների առաքելությունը տեղում ծանոթացել է իրավիճակին»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ որոշելով զորամիավորում չուղարկել ՀԱՊԿ զորավարժություններին՝ Հայաստանը թերևս առաջնորդվել է իր ընթացիկ խնդիրներով: Ըստ նրա՝ դա հանրապետության ինքնիշխան իրավունքն է: Միաժամանակ, Զախարովան նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ գործակցությունը գնահատում է որպես բեղմնավոր, արդյունավետ, իսկ ՀԱՊԿ-ում նրա նախագահությունը համընկել է առանձնահատուկ սպառնալիքների հետ: «Գագաթնաժողովը կամփոփի 20 տարվա արդյունքները և կուրվագծի հետագա գործակության հեռանկարները»,- ասել է նա: