«Պետք է լինի  ժողովրդական լայն համախմբում, Արցախը ելքն այսպես է տեսնում, այլ տարբերակ չկա». Մետաքսե Հակոբյան

Սեպտեմբերի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե Արցախի հարցը լուծված է։

Երկու օր անց՝ սեպտեմբերի 28-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ հակառակ պնդումն արեց՝ հայտարարելով, որ Արցախի հարցը լուծված չէ, «իսկ հարցի լուծման բանալին գտնվում է արցախցիների ձեռքին, այդպես էր 1992 թվականին, այդպես է և հիմա»։

Նույն օրը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ևս տարածեց պաշտոնական հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշված էր՝ առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին։

Արդո՞ք այսօր արցախցին օգտագործում է Արցախի խնդրի լուծման բանալին, որպեսզի բացի իր համար դռները, և առհասարակ այսօր ի՞նչ է պատրաստվում անել Արցախը։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատասխանելով վերը նշված հարցերին, նկատեց՝ միակ ելքը  համաժողովրդական համախմբումն է։

«Հայտարարությունը, որ Արցախի հարցի լուծման բանալին Արցախում է, կա հասարակության մի հատված, որն իրականում գիտակցում է գնալ կոնկրետ գործողությունների հանուն հայրենիքի։ Սակայն շատերի մոտ այն իրավիճակն է, ինչ Հայաստանի մեր հայրենակիցների մոտ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու տարվա ընթացքում, դրանից առաջ էլ, ժողովրդին որքան հնարավոր է՝ կոտրեց ոչ միայն պատերազմով, այլ իր մոտեցումներով, և այսօր շատերն են մտածում, որ իրենից այլևս ոչինչ կախված չէ։

Հասարակության մեջ կա նաև մի ստվար հատված՝ մտավորականներ, տարբեր խավի ներկայացուցիչներ, որ պարբերաբար դիմում են մեզ, թե ինչ պետք է անել կամ պետք է քայլեր ձեռնարկել։ Մենք հասկանալով, որ այդ տեսակը չենք, ինչ տեսակով եկան այս իշխանությունները, այսինքն՝ առանց ինչ-որ ծրագրերի դուրս գալ փողոց՝ ուղղակի միամտություն է։ Ուստի մտքեր ծնվեցին այս ընթացքում, որ պետք է լինի  ժողովրդական լայն համախմբում, ինչը մենք, մոտ երկու ամիս է՝ համակարգում ենք։

Այդ լայն համախմբումը չի առաջնորդի որևէ քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, որտեղ կան ուղղակի համակարգողներ, գուցե իրենցից էլ ծնվի հենց այն առաջնորդը, որը կառաջնորդի ժողովրդին։ Արցախում մարդիկ ամեն ինչ հենց այդպես էլ ընկալում են, Արցախը ելքն այսպես է տեսնում՝ այլ տարբերակ չկա»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Արցախի հարցը լուծված է, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նրա որևէ հայտարարություն իրենց համար նորություն չէ, ավելին՝ գիտակից հայը դժվար թե նրան պատկերացնի հաղթանակի դափնեպսակով։

«Իրականում նա 90-ականներին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ի չիք դարձնի ու խանգարի արցախյան հաղթանակներին։ Կան ականատեսներ, փաստեր, թեկուզ հենց Շուշիի ազատագրումը։ Հաղթանակի տանող ցանկացած քայլի նա փորձել է դեռևս այն ժամանակ խոչընդոտել։ Նույնիսկ Արցախյան հաղթանակից հետո, երբ հաղթանակած երկրի նախագահ էր, խոսում էր զիջումների մասին, խոսում էր այնպես, ինչպես հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս