«Տղա ջան, հեռացեք, դուք ձեզ խայտառակեցիք, ի վիճակի չեք աշխատել, երկիրը կործանեցիք, Նիկոլ». գյուղացի
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում մոտ մեկ շաբաթ է, ինչ սկսվել է սոխի բերքահավաքը։
168.am-ն այսօր ուղևորվել էր Արմավիրի մարզ, տեղում ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, գյուղացիներից պարզել առկա խնդիրներն ու դրանց առաջնահերթ լուծումների անհրաժեշտությունը։
Տասնյակ տարիներ հողագործությամբ զբաղվող Սամվել Լալազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սոխի ցանքը մարտին են կատարել, հիմա պետք է իրենց ամբողջ կատարած ներդրումների ու տանջանքի արդյունքը տեսնեն, բայց ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ոռոգման ջրի պակասի պատճառով բերքը մանր է եղել, հետևաբար՝ եկամուտն էլ քիչ կլինի․
«Այսքան ասում ենք, խոսում ենք, բայց ջրի հարցը մնում է համար առաջին պրոբլեմը։ Պետական մոտեցում պետք է լինի, լավություն չեն անում, դա ծառայություն է, մենք ջրի վարձը մուծում ենք, բարի եղեք՝ ձեր ծառայությունը բարեխղճորեն կատարեք։ Շոգ ժամանակ սոխը պետք է 7-8 օրը մեկ ջրենք, բայց ժամանակ է եղել, 16 օրը մեկ նոր կարողացել ենք ջրել, դա ահագին մինուս է, որն անդրադարձել է բերքատվության վրա․․․»։
Սամվել Լալազարյանը դժգոհեց իշխանությունների աշխատանքից, մասնավորապես Նիկոլ Փաշինյանից, հիշեցրեց նրա տված խոստումները, որոնք այդպես էլ մնացին լոկ խոստումներ․
«Տղա ջան, եկար իշխանության՝ էս կանեմ, էն կանեմ, բոցաշունչ ելույթներ էիր ունենում՝ մի մուկ չի՛ պլստա, մի ձուկ չի՛ պլստա, բա ո՞ւր ա։ Հիմա էլ ձենը կտրել, ժողովուրդից խուսափում, ժողովրդից կտրված։ Տղա ջան, ի վիճակի չե՛ս, կամ չե՛ս ուզում նորմալ աշխատել, հեռացի՛ր, ուրիշ ձև չկա սրան։ Դու Հայաստանը կործանման եզրին ես հասցրել, էս ձևով մինչև ե՞րբ, էս ձևով Հայաստանը կվերանա։ Դուխո՛վ-դուխո՛վ-դուխո՛վ, է՞ս էր դուխդ, Պուտինն ու Էրդողանը մատների վրա խաղացնում են քեզ, Նիկոլ։
Արտաքին քաղաքականությունը տապալված, ներքին քաղաքականությունը տապալված։ Ուղղակի միջազգային այս բարդ իրավիճակում Նիկոլի՝ ՀՀ վարչապետ լինելը նվեր էր մեր հակառակորդներին, ուրիշ բան ես չեմ կարող ասել։ Ազգային շահերը ոտնահարելով, մենակ իրենց աթոռները պահեն, բայց ինչքա՞ն պահեն։ Տղա ջան, ժամանակն է, որ դու հեռանաս, ազգային մտածողության մարդիկ գան, որ ձեր քանդածը վերականգնեն․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում