«10 տարի նախագահ եմ եղել, զենք ձեռք բերելու խնդիր երբեք չենք ունեցել. ինձնից հետո Երրորդ նախագահը բերեց Ռուսաստանի ամենահզոր զենքը». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանեց լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի, որոնցից մեկը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը փող ունի, բայց որևէ մեկը Հայաստանին զենք չի վաճառում։
«Նախագահ եղած ժամանակ, 10 տարի, ես նման խնդիր չեմ ունեցել։ Ես նույնիսկ լավ չեմ պատկերացնում, թե ինչու այսօր պետք է նման խնդիրներ առաջանար, ես չեմ հասկացել վարչապետի ելույթի այդ հատվածը։ Եթե դու որևէ մեկին ասում ես՝ զենք վաճառի, նա պատասխանում է՝ դե, որոշ խնդիրներ կան, ու դու դրանով դուրս ես գալիս այդ խոսակցությունից ու չես շարունակում, գուցե այսպես է լինում։ Ես չգիտեմ, թե ինչպես են աշխատում։ Երբեք նման խնդիր մենք չենք ունեցել։
Հիմա մենք ունենք ևս մեկ խնդիր, օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, և Ռուսաստանից այստեղ ռազմական օգնություն տեղափոխելը դարձավ խնդիր։ Ես 10 տարի նման խնդիր չեմ ունեցել։ Ինձանից հետո, Երրորդ նախագահի օրոք Հայաստանը գնեց Ռուսաստանի ամենից ժամանակակից զենքերից մեկը՝ «Իսկանդերը», ինչպե՞ս են բերել Հայաստան։ Ինչո՞ւ էր դա հաջողվում անել իմ ժամանակ, Երրորդ նախագահի ժամանակ, և ինչո՞ւ դա խնդիր դարձավ հիմա, որտեղի՞ց է դա գալիս»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Երկրորդ նախագահի, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, դա լուրջ ազդեցություն ունեցավ նաև պատերազմի արդյունքների վրա։
«Հիմա, երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում են, այդ հարցը չե՞ն տալիս, թե պատճառն ի՞նչն էր։ Հստակ գիտեինք, որ Թուրքիան շարունակում էր Ադրբեջանին զենք ու զինամթերք մատակարարել։
Հիմա, երբ քարտեզին նայում ես, տեսնում ես, որ միակ ցամաքային սահմանը, որով կարող ես զենքի մատակարարումն ապահովել՝ Իրանն է, ուրիշ չկա։ Սա արդյո՞ք չի հուշում, թե ինչու վերջապես այդ հնարավորությունից չեք փորձում օգտվել»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում