«Չի երևում, որ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն վերցնել մեր անվտանգության համար». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես եկավ հերթական մամուլի ասուլիսով, նախաբանից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։
168.am-ը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Արևմտյան երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրվող ռազմական աջակցության հնարավորությունը, և այս համատեքստում ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կեցվածքը Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի ընթացքում։ Հիմա ակտիվորեն քննարկվում է նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության հարցը։ Ինչպիսի՞ն է իր տեսակետը։
Պատասխանելով հարցին, Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասաց՝ չի տեսնում, որ Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել՝ մեր անվտանգության հետ կապված. դրա հեռանկարն ուղղակի չի երևում։
«Նենսի Փելոսիիի այցը Հայաստան շատ դրական եմ համարում, բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ ինչ-որ տեղ ապահովագրվել, ինչ-որ տեղ Ադրբեջանին զսպող բոլոր քայլերը դրական եմ համարում։ Բայց ես ուզում եմ, որ մենք իրատեսական լինենք: Միացյալ Նահանգների ազդեցությունը Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, և Ռուսաստանի ազդեցությունն է շեշտակի նվազել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի նախագահն արդեն կանգնած ուղիղ հայտարարում է, որ՝ որևէ զանգի հետ հույս չկապեք։ Այս ակնարկն ո՞ւմ մասին էր, հասկանալի է, չէ՞։ Հիմա այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք և մի ծայրահեղությունից չընկնենք մյուս ծայրահեղության մեջ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Երկրորդ նախագահի՝ հիմա էլ պետք է ասեն, թե վե՞րջ, Ռուսաստանը չկա, ՀԱՊԿ-ը չկա, և գնան Ֆրանսիայից օգնություն բերեն՝ նման օգնություն չի լինելու։ Լավ է, որ այդ երկրները դիտորդներ ուղարկեն, գան գնահատեն, հայտարարություններ անեն։ Սակայն տվյալ պահին՝ Հայաստանում հողի վրա ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը կաշկանդված է Ուկրաինայում պատերազմի հետևանքով, և որի ազդեցությունն այստեղ նվազել է իր դաշնակցի կրած պարտության հետևանքով։
«Ռուսաստանի դեմ սրել մեր հանրությանը, ավելի վատ մեզ համար, ուղղակի իրականությունը սա է, և կարծում եմ՝ մենք այս տեսանկյունից պետք է փորձենք հասկանալ, որ այո, կարող է իրավիճակը փոխվել։ Այո, մենք շատ ակտիվ պետք է համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանը դեռ իրենից բան է ներկայացնում այս տարածաշրջանում, որ այս քաղաքականությամբ կարող են կորցնել Հայաստանը։ Պետք է համոզել, աշխատել, այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, մենք ոչինչ չենք անում, հետո ասում ենք՝ ինչո՞ւ է Ռուսաստանը նման ակտիվ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի հետ։ Եթե դու չկաս, բա ի՞նչ անի, չզբաղվի՞ այս տարածաշրջանով»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում