Գազի գները Եվրոպայում 1000 խորանարդ մետրի դիմաց բարձրացել են 1900 դոլարից
Գազի սակարանային գների աճի տեմպերը սեպտեմբերի 27-ին Եվրոպայում մեծ արագությամբ բարձրացել են մինչեւ 12 տոկոս, գնանշումները 1000 խորանարդ մետրի դիմաց բարձրանում են 1900 դոլարից ավելի: Այդ մասին վկայում են ICE լոնդոնյան սակարանի տվյալները:
Առաջիկա՝ հոկտեմբերյան ֆյուչերսները (ըստ TTF խոշորագույն եվրոպական հաբի ինդեքսի) սակարկությունները բացել են 1000 խորանարդ մետրի դիմաց 1756,7 դոլար նշագծով (+1,8%): Առայժմ գնային առավելագույնը կազմում է 1000 խորանարդ մետրի դիմաց 1936,5 դոլար (+12,2%):
Երեւանի ժամանակով 13:21-ի դրությամբ գազի պարտավորագրերը 1000 խորանարդ մետրի դիմաց վաճառվում են 1925,9 դոլարով (+11,6%): Եվրոպայում գազի միջին ամսական հաշվարկային գինն աճում է արդեն չորրորդ ամիսը: Ցուցանիշը մայիսին կազմել է 1030 դոլար, հունիսին՝ գրեթե 1180 դոլար (+14,6%` ամսական արտահայտությամբ), իսկ հուլիսին՝ շուրջ 1805 դոլար (+53%):
Արդեն օգոստոսին ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է 2450 դոլարը (+35,7%): Իսկ օգոստոսի 26-ին հաշվարկային գինը 1000 խորանարդ մետրի դիմաց հասել է ռեկորդային 3507 դոլարի: Գազի գները շարունակում են ճնշման ներքո մնալ Ռուսաստանից մատակարարումների հետ կապված անորոշության պատճառով: Չնայած վերջին օրերի նվազմանը, դրանք մի քանի անգամ գերազանցում են անցյալ տարվա մակարդակները, երբ գներն առանց այդ էլ ռեկորդային էին:
Վերջին կտրուկ աճն օգոստոսի վերջին կապված է եղել «Գազպրոմ»-ի՝ պլանային տեխսպասարկման համար երեք օրով «Հյուսիսային հոսք» գազատարի դադարեցման մասին հաղորդագրության հետ: Գնանշումները կտրուկ բարձրացել են 1000 խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարից եւ մի քանի անգամ նորացրել են հաշվարկային գնի պատմական ռեկորդները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: