«Ջերմուկում սկսել են աշխատել ենթակառուցվածքները, սակայն հայտնի չէ, թե երբ քաղաքը կընդունի զբոսաշրջիկներին». փոխքաղաքապետ

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ստորաբաժանումների հարձակումից հետո Ջերմուկ քաղաքը քիչ-քիչ վերականգնվում է։

168.amի հետ զրույցում Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն ասաց, որ Ջերմուկն աստիճանաբար վերադառնում է  բնականոն կյանքին։

«Ենթակառուցվածքները սկսում են աշխատել՝ բանկեր, խանութներ, փոստային բաժանմունք և այլ սպասարկող ծառայություններ։

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներ ընդունելուն, այս պահին կդժվարանամ ասել»,- նշեց Վարդան Սարգսյանը։

Կարդացեք նաև

Ըստ Ջերմուկի փոխքաղաքապետի, այս պահին քաղաքում օտարերկրյա որևէ զբոսաշրջիկ չկա։

Քաղաքի կրած ընդհանուր վնասների մասին էլ  Վարդան Սարգսյանը փոխանցեց, որ առայժմ վաղ է դրա մասին խոսել, քանի որ պետք է կատարվի ընդհանուր վնասի գնահատում։

Ջերմուկի ճոպանուղին, որն առաջինն էր վնասել թշնամին, այս պահին դեռևս չի վերականգնվում, քանի որ Վարդան Սարգսյանի խոսքով՝ պետք է գնահատվի վնասի չափը, պարզելու, թե կոնկրետ ինչն է վնասվել ու ինչպես է վնասվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Այդ հարձակման ժամանակ թշնամու առաջին թիրախներից մեկը եղել է առողջարանային Ջերմուկ քաղաքը, որտեղ հարձակման պահին իրենց հանգիստ էին անցկացնում ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկները։ Այդ հարձակումից հետո ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպաններ այցելել էին Ջերմուկ, այնուհետև իրենց թվիթերյան էջերում գրառում կատարել իրենց տեսած սարսափելի տեսարանի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումը խաղաղ բնակավայրերի վրա։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը, ըստ այդ պահին հայտնի տվյալների, հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս