«Երկու մատղաշ երեխեն լացում, իրենց հորն են ուզում. ես իրավունք չունե՞մ պահանջել». անհետ կորածի մայր

«Ես իրավունք չունե՞մ պահանջել իմ որդուն… Ես եմ, էդ մինուճար տղեն: Ես գիշեր-ցերեկ քուն ու դադար չունեմ: Երկու մատղաշ երեխեն ամբողջ օրը մղկտալով երեխին են ուզում: Ես պահանջում եմ, ինձ վրա գործ են բացում, այ քեզ բան…»,- վրդովվեց ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի մոտ հավաքված 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:

Անհետ կորած զինծառայողի մայրը նաև անուններ հնչեցրեց:

«Դավաճաններն այսօր արևերես ման են գալիս… Մակարյան, Նշան Վարդանյան, Արսեն չեղած, Աբգարյան… Տարան երեխեքի ճակատագիրը որոշեցին մի գիշերվա մեջ: Տարան-հանձնին Զանգելան: Դրոշակը խփած էր: Մենք՝ ծնողներս, գիտեինք, որ գրավված տարածք է: Տարան 60 երեխուն, էն 20-ին հաջողվեց փախչել: 40 թասիբով տղերքը կրակը վերցրին իրենց վրա: Գեներալը հետ ա փախել: 40 երեխեն մինչև հիմա անհետ կորած են: Ես մայր եմ, իրավունք չունե՞մ պահանջել: Ի՞նչ իրավունքով ես ինձ վրա գործ հարուցում»,- զայրացած ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:

Կինը մանրամասնեց՝ երբ Գորիսում են ընթացել դատական նիստերը, միջադեպ է տեղի ունեցել դատարանում, ու ծնողների նկատմամբ գործ են հարուցել:

Կարդացեք նաև

«Ես իրավունք ունեմ: Դանակ լիներ ձեռքս, կդանակեի, ճիշտ եմ ասում: Այսօր իմ երեխուց թանկ բան ես չունեմ: Էն գազանի կողքով որ անցնում ես, տեսնում ես՝ ձագերը հավաքել է կողքերը, թույլ չի տալիս՝ ձագերի կողքով անցնեն: Մենք գազան ենք դարձել, մի մեղադրեք մեզ…  Ես մայր եմ, առանց ամուսին, որբ եմ պահել, մեծացրել, այսօր ես իրավունք չունե՞մ՝ իմ երեխին պահանջեմ: Երկու տարի է՝ անհայտության մեջ ենք:  Կարո՞ղ է՝ մենք մեռնենք, մեր երեխեքին տենց էլ չտեսնենք: Ծնող ենք, կարող է մի բան էլ ավել ասենք՝ մեր վիճակից ելնելով: Գործ են հարուցում…»,- արտասվում էր մայրը:

Հիշեցնենք՝ Էջմիածնի Քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Հակակոռուպցիոն դատարանի մոտ: Վերջիններիս երեկ դատարանի աշխատակազմից զանգել ու ասել էին՝ այսօրվա դատը չի կայանալու դատախազի ծանրաբեռնվածության պատճառով, սակայն պարզվել է՝ դատական նիստը կայացել է և հետաձգվել տուժող կողմի՝ իբր չներկայանալու պատճառով:

Վերջիններս պահանջում են պատասխանատվության ենթարկել գեներալ Անդրանիկ Մակարյանին: Ըստ ծնողների՝ հոկտեմբերի 21-ին իրենց որդիներին տարել են Կովսական, ու մինչ օրս 40-ից ավելի զինծառայողներից որևէ տեղեկություն չկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս