«Մեկ Լևոնով կամ մեկ Նիկոլով պետք է երկրի ճակատագիր որոշվի՞, այս երկրում այլ մարդ չկա՞». Վազգեն Սիսլյան
Սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ սպասվում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, և ներկայացրեց իր պատկերացումները, հետագա քայլերը:
«Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք, գիտեք՝ ինչքան են մեզ սիրում, մենք այլևս այդ 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, և նորից պետք է քարը քարի վրա պետություն կառուցենք, պետք է աշխատենք, շենացնենք այս երկիրը»,- ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։
Միևնույն ժամանակ ՀՀ առաջին նախագահն ասել է, որ ինչպես ինքը, այնպես էլ հասարակությունը, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները ինֆորմացիա չունեն, թե իրականում ինչ պրոցեսներ են գնում․ «Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Գուցե Նիկոլն է և մի երկու-երեք հոգի, որ ամբողջ ճշմարտությունը գիտեն, որ գիտեն, թե ՌԴ-ն իրենց ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդներ է տալիս։ Հիմա ես կլինեմ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, անգամ՝ Վեհափառը, մենք այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք։ Այո, այդ հանդիպումները պետք է կոնֆիդենցիալ լինեն, ոչ մի ճիշտ կամ կեղծ արտահոսք չպետք է լինի, որ գործը գլուխ գա։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից։ Սա միամտություն է։ Ով էլ գա՝ նույնը, գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»։
168.am-ի հետ զրույցում «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն ասաց՝ Արցախյան 44-օրյա պատերազմից ու թշնամու կողմից ՀՀ տարածք ներխուժելուց ու հարմար դիրքավորվելուց հետո, գաղափար չունի, թե էլ ինչ ցավոտ լուծումների մասին է խոսում Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ես նրա հարցազրույցը չեմ լսել, առավոտյան ընկերներիցս մեկն է զանգահարել, ասաց՝ Լևոնի հարցազրույցը նայել ու հիասթափվել է։ Այժմ առողջական խնդիրներ ունեմ, շատ ժամանակ դրան եմ տրամադրում։ Բայց մեկ բանում վստահ եմ՝ Լևոնը երբեք նորմալ բան չի ասել։ Կամ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսում՝ Հայաստանի կեսն էլ պետք է նվիրե՞ն։ Դե թող հրապարակավ հայտարարեն, գնանք մեր ազգությունն էլ փոխենք ու պրծնենք, ինչ ասեմ։ Խնդիրը հետևյալն է, մեկ Լևոնով կամ մեկ Նիկոլով պետք է երկրի ճակատագիր որոշվի՞, այս երկրում այլ մարդ չկա՞։ Հետաքրքիր է, իրե՞նք են որոշում, թե ինչ պետք է ստորագրվի, տարածքներ են տալիս, հազարավոր մարդիկ մնում են առանց տուն, ժողովուրդն է տուժողը, թող ժողովրդին հարցնեն, պատրա՞ստ են իրենք իրենց տունը տալու՝ ոչ»,- նշեց Վազգեն Սիսլյանը։
Ըստ նրա, լավ բաներ պետք չէ սպասել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են։
«Հարցնում են՝ Նիկոլին ո՞վ պետք է փոխարինի, ոչ մեկը թող չփոխարինի, ժողովուրդն ինքն իրենով առաջ կգնա։ Եթե սրանք դուրս գան, մեկը հաստատ կգտնվի, կարծում եմ՝ ժողովուրդն առանց լիդերի ավելի լավ կկազմակերպվի։ Բայց անկախ ամեն ինչից, Լևոնի ասած որևէ բան դրական չի եղել, նա եկավ ելույթ ունեցավ, որ Նիկոլի վրա դրված պատասխանատվությունը թեթևացնի»,- շեշտեց Վազգեն Սիսլյանը։