Դավիթ Բաբայանը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան, հանդիպել ազգային, կենտրոնական ու թեմական վարչության անդամների, համահայկական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ներհայկական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։
Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։