Իրանը թույլ կտա՞ ուժային նոր սցենար Հայաստանի ու Ադրբեջանի միջև

ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում իրանական կողմն իր հանդիպումների ժամանակ շարունակեց ուշադրության կենտրոնում պահել հարավկովկասյան զարգացումները: ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ անդրադառնալով ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային օրակարգերին:

Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրությունների, իրանցի դիվանագետը խոսել է հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների մասին որոշ տեղեկությունների և ապացույցների մասին՝ վերահաստատելով Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռական ընդդիմանալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության։

Նա նաև հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների հետ՝ օգնելու նրանց՝ որպես հակամարտող կողմերի՝ լուծելու իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։ Ըստ նույն իրանական աղբյուրների, նա հերքել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին պնդումները և փորձել արդարացնել Ադրբեջանի քայլերը:

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: «Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Կարևորվել է երկկողմ օրակարգը հարստացնելու նպատակով համատեղ ջանքերի իրականացումը, հատկապես էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում»,- ասված էր հաղորդագրությունում:

Նյու Յորքում Փաշինյան-Ռաիսի հանդիպում ևս կայացել էր: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

«ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռաիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար»,- նշված էր հայկական կողմի տարածած հաղորդագրությունում:

Գնահատելով Իրանի դիրքավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանը դասեր է քաղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տարածաշրջանում ունեցած իր զրոյական դերակատարությունից, ու ներկայիս լարման փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես միջնորդ հանդես գալու կոնկրետ հայտեր է ներկայացնում:

«Ադրբեջանն օգտվելով Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակից և Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններից, այն թեմաներից, որոնք կարող են շահագրգռել Արևմուտքին, հրահրեց սահմանին նման իրավիճակ, որն ակնհայտորեն հակասում է Իրանի շահերին: Իրանն արդեն ուղիղ հռետորաբանությամբ ցույց է տալիս, որ առանց Իրանի ոչինչ չի կարող տեղի ունենալ տարածաշրջանում: Սա լուրջ հայտ է, դա անտեսել չի հաջողվի, իսկ թե ինչ տեսք այն կստանա առաջիկա ժամանակաշրջանում՝ բարդ է ասել: Սա, կարելի է ասել, նաև կախված է այն զարգացումներից, որոնք կլինեն հայ-թուրքական հարաբերություններում: Այն, թե ինչպիսի հաջողությամբ կլինի Իրանի նոր դիրքավորումը, վստահաբար, կախված է նաև Հայաստանից ու ՀՀ արձագանքից այս ամենին: Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա, և ձգտելու են, ինչպես նաև այս էսկալացիան ցույց տվեց, հնարավորինս շատ օգտվել դժվար փուլերից, որոնք առաջանում են Ռուսաստանի համար»,- ասաց Սկակովը:

Հետևելով հայաստանյան իրադարձություններին, ներքին դիսկուրսին, նա նշեց, որ չնայած արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման թեման կրկին ակտիվորեն քննարկվում է, նման շրջադարձը քիչ հավանական է թվում, հաշվի առնելով այն, թե Հայաստանին կոնկրետ ինչ կարող է առաջարկել Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն:

«ԱՄՆ հռետորաբանությունում նկատվում են ակնարկներ հնարավոր աջակցության մասին, սակայն դա ևս քիչ հավանական է թվում: Բացի այդ՝ տպավորություն է, որ սա ոչ թե ՀՀ խնդիրները պակասեցնելու, այլ ՌԴ-ի դեմ կոալիցիան ընդլայնելու և ՌԴ-ին թուլացնելու նպատակ ունի»,- ասաց նա:

Նա ուշադրություն հրավիրեց մեծ աղմուկ բարձրացրած՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի վրա՝ նշելով, որ դեռ այցից էական, առարկայական արդյունքներ հայ-ամերիկյան հարաբերություններում չեն նկատվում:

«Սակայն հայ-ամերիկյան շփումների մակարդակը բարձրացել է, ինչը, կրկին պետք է նշեմ՝ պայմանավորված է ՌԴ-ի համար անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակով, որը, ինչպես նաև ԱՄՆ ակտիվությունը տարածաշրջանում՝ ժամանակավոր է»,- նշեց նա:

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարավային Կովկասը շարունակում է գտնվել ծանր տուրբուլենտության գոտում:

Ըստ նրա, բոլորը՝ Իրանը, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, Արևմուտքն իրենց սցենարներն ունեն, և յուրաքանչյուրն իր սցենարն իրագործելու համար պետք է կարողանա հաղթահարել մյուսի դիմադրությունը․ Ռուսաստանը դեռ «դադար» է վերցրել:

«Ներկայումս Իրանի ակտիվության ու ապաշրջափակման թեմաներին միջամտելու փուլն է, որից խուսափելն Ադրբեջանի համար շատ բարդ է լինելու: Իրանը փորձում է վերահսկել հնարավոր բոլոր պայմանավորվածությունները, որոնք անցնում են Սյունիքի մարզով, կամ բոլոր զարգացումները, որոնք կարող են վերաբերել Սյունիքին, քանի որ դա դեպի Եվրոպա Իրանի միակ ուղին է, դրա փակումն Իրանի համար կենսական նշանակություն ունեցող հարց է:

Բայց խաղացողներն Իրանով չեն սահմանափակվում՝ կա Արևմուտքը, Թուրքիան, Արևմուտքի հետ միջուկային գործարքի խնդիրները հավելյալ նոր իրավիճակ են Իրանի համար, ինչպես նաև Իրանի ներքին ցնցումները»,- նշեց վերլուծաբանը:

Տարասովի գնահատմամբ՝ այս ֆոնին իսկապես կկարևորվի Պրահայում սպասվելիք Էրդողան-Փաշինյան հանդիպումը, որը ևս տեղափոխվեց արևմտյան հարթակ, թեև նախապես քննարկվում էր, որ այն կազմակերպվելու է ռուսական միջնորդությամբ:

Տեսանյութեր

Լրահոս