Չտրվե՛ք Փաշինյանի սադրանքներին. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների կոչը

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողներն այսօր նորից կարևոր կոչով «Եռաբլուր» պանթեոնում էին, այն հատվածում, որտեղ  սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, հարյուրավոր ոստիկաններ, ուժային այլ կառույցների աշխատակիցներ բռնի ուժ կիրառեցին նրանց դեմ՝ ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների առջև: Զոհվածների ծնողները դեմ էին, որ Նիկոլ Փաշինյանը մոտենա իրենց որդիների շիրիմներին. «Թույլ չենք տա պղծել մեր զավակների շիրիմները»,- հայտարարում էին նրանք:

Հիշեցնենք, որ երեկ զոհվածների ծնողները հայտարարություն էին տարածել, որում ասվում էր.

«Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն։ …Հայաստանի ազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից, և դրա առաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից։ Այո՛, պետք է վերջ դնենք սրբավայրը որպես թատերաբեմ օգտագործելու սովորույթին, որտեղ դահիճը խոնարհվում է իր զոհի շիրիմի առջև: …Ապազգային, դավաճանական քաղաքականության արդյունքում հայրենիքը շարունակում է ծանրագույն հարվածներ ստանալ, որոնց հետևանքներն անմիջապես երևում են Եռաբլուրում։

Ծնողներիս համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը»։

Կարդացեք նաև

Այսօր 44-օրյա պատերազմում նահատակված տղաների՝ Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, կապիտան Ռուբեն Պրազյանի հայրը՝ Աշոտ Պրազյանը, Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը կոչով դիմել են 44-օրյա պատերազմում նահատակված տղաների ծնողներին՝ զգուշացնելով՝ չտրվե՛լ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող նոր սադրանքներին.

«Սեպտեմբերի 21-ին անգամ այդ վայրագություններից հետո Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց մոտենալ մեր հերոսների շիրիմներին և ծաղիկ դնել: Նա գողեգող բարձրացավ այն հատվածը, որտեղ հանգչում է մեր Սպարապետը, Անդրանիկ Օզանյանը, ծաղկեպսակներ դրեց, նկարվեցին՝ ինչպես միշտ, իրենց շոուն արեցին և հեռացան»,-ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

2 օրից՝ սեպտեմբերի 27-ին կլրանա 44-օրյա պատերազմի երկրորդ տարին և  սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից  սկսած, զոհվածների ծնողները  հավաքվելու են  «Եռաբլուրում», որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխեն Նիկոլ Փաշինյանի  մուտքը պանթեոն։

«Ամբողջ գիշեր անցկացնելու ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք, որ օրվա իշխանությունները, այդ անհայրենիքները գան և նորից փորձեն մոտենալ մեր տղաների շիրիմներին: Ես կցանկանամ, որ մեր հերոսածին ծնողները, ինչու ոչ՝ ամբողջ ազգաբնակչությունը, բոլոր ծնողները միանան մեզ և փորձեն միահամուռ ուժերով կանխենք այդ չարիքի մուտքը «Եռաբլուր» պանթեոն»,-նշեց Արա Ռոստոմյանը՝ հավելելով, որ տեղեկություն ունեն՝ սեպտեմբերի 27-ին գործող իշխանությունները կրկին փորձելու են գալ և սադրանքներ հրահրել:

«Սադրանքն այն է, որ նրանք շրջաններից փորձելու են  «Եռաբլուր» բերել այն ծնողներին, որոնց կարողացել են տանել և իրենց դաչաներում հյուրասիրություն անել, ինչպես նաև՝ զոհվածի ծնողի անվան տակ զոհվածի ծնող չհանդիսացողների: Այսինքն, փորձելու են ամեն ինչ անել, որ ընդհարում տեղի ունենա: Ինչպես ազգն էին  բաժանում  մասերի՝ սև-սպիտակի, հիմա էլ փորձելու են ծնողներին բաժանել: Սա իրենց ոճն է: Մենք ամեն ինչ անելու ենք՝ թույլ չտալու այդ բախումները»,-շեշտեց  Արա Ռոստոմյանը:

44-օրյա պատերազմում զոհված կապիտան Ռուբեն Պրազյանի հայրը՝ Աշոտ Պրազյանն ասաց,  որ իր տղան Զեյթունի ընտանեկան գերեզմանոցում է հանգչում և Նիկոլ Փաշինյանի պատճառով է, որ նրան չի բերել «Եռաբլուր»:

«Ես խնդրում եմ բոլոր գիտակից, հասկացող մարդկանց՝ գալ այդ օրը, պայքարենք, որպեսզի թույլ չտանք մեր էրեխեքի սուրբ շիրիմը պղծվի սրբապիղծների կողմից: Խնդրում եմ գիտակից մարդկանց, եկեք և միացեք մեզ, մեր պայքարին: Սա վերջն է, այն գագաթնակետն է, որ մենք մեր էրեխեքի շիրիմներն էլ ենք կորցնելու արդեն»,-ընդգծեց Աշոտ Պրազյանը:

Պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը դիմեց այն ծնողներին, որոնք համաձայն չեն այն պնդման հետ, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել  իրենց երեխաներին:

«Ծնողներ, ես ձեզ խնդրում եմ, որ հանկարծ «չուտեք» Նիկոլ Փաշինյանի տված «կուտը»: Կխնդրեմ չենթարկվեք նրա սադրանքին և չփորձեք մեզ՝ ծնողներիս  հետ, կոնֆլիկտ սարքել, մենք ձեզ հետ կոնֆլիկտ չունենք»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս