«Պետք լինի՝ ես էլ կգնամ սահման». Բերդի 72-ամյա բնակիչ
Այսօր Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
168.am-ի հետ զրույցում Բերդի բնակչուհիներից մեկը քվեարկությունից հետո ասաց, որ շատ կցանկանար, որպեսզի Բերդ համայնքը շատ ավելի լավը լիներ։
«Թովուզ գյուղից եմ, 16 տարեկանից բնակվում եմ այստեղ։ Բայց իմ ցանկությունը շատ քիչ է, այն, ինչ ես երազում եմ ու կերազեի, ընդհանուր հայ ազգի, կուզեի հենց դա տեսնեի։
Այնքան կորուստ եմ ունեցել, այսօրվա դրությամբ տեղեկություններ էլ չունեմ, թե իմ երեխան… քանի օր է՝ զանգում է, չենք կարողանում խոսել։ Քառօրյա պատերազմից մինչև հիմա ունեցել եմ ու ունեմ զինվորական։ Հիմա տղաս էլ է զինվորական, ես միայն խաղաղություն կուզեի, հերիք է դռներ փակենք, մայրեր լացացնենք»,- ասաց Բերդի բնակչուհին։
Նա ընդգծեց, որ որևէ կուսակցության չի պատկանում։
«Միշտ ասել եմ՝ ով ուզում է լինի երկրի ղեկավարը, կարևորը՝ երկիրը խախանդ լինի։ Եթե պետք լինի՝ ես էլ կգնամ սահման, ինձ վայեննի աշխատողները բոլորն էլ գիտեն։ Մեկը պետք է դուրս գա, որ ժողովրդին տեր կանգնի»,- նշեց նա։
Բերդի բնակչուհին պատմեց նաև, որ որդին սահմանին ծառայության է, բայց չգիտի, գիշերը տուն կգա՞, թե՞ ոչ։ Անհանգիստ է, բայց գիտի՝ եթե փորձի որդուն համոզել հետ կանգնել մասնագիտությունից, հետ չի կանգնի երբեք։
«Ջահելները դուք եք, աշխատեք խաղաղություն պահեք, բոլորիդ համար առաջնայինը պետք է դա լինի, ես այդպես եմ կարծում»,- եզրափակեց Բերդից 72-ամյա բնակչուհին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում