Հունգարիայի վարչապետը կոչ է արել ԵՄ-ին՝ մինչեւ տարեվերջ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախօրյակին հայտարարել է, թե հարկ է, որպեսզի ԵՄ-ն մինչեւ այս տարվա վերջը չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հունգարական ԶԼՄ-ները:
«Փակ դռների ետեւում կայացած հանդիպմանը Օրբանն օրենսդիրներին ասել է, որ պատժամիջոցները Եվրոպայի տնտեսությանն ավելի մեծ վնաս են հասցնում, քան Ռուսաստանին, եւ դրանց չեղարկումը կզսպի գնաճը ու կկրճատի ռեցեսիայի ռիսկը: Այդ մասին, չվկայելով որեւէ մեկին, հաղորդել է Magyar Nemzet թերթը, որը կապված է վարչապետի կուսակցության հետ»,-հաղորդել է գործակալությունը:
Ավելի վաղ այս շաբաթ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն հայտարարել է, որ չպետք է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ դա միայն կխորացնի Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 14-ին Եվրախորհրդարանում հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը շարունակելու՝ Բրյուսելի մտադրության մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: