«Ծնողի, առավել ևս՝ մոր համար, իր զավակից թանկ աշխարհում ոչինչ չկա, նրանց նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է». Կին ազատամարտիկ

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարմիր բերետավորների կիրառած բռնությունն ու անհարգալից վերաբերմունքը զոհված զինծառայողների ծնողների հանդեպ՝ նրանց բերման ենթարկելիս, շատերի համար սպասելի էր, քանի որ, ինչպես 2020 թվականի դեկտեմբերին, այնպես էլ այսօր նրանք Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ ծնողներին այս ու այն կողմ գցելով, ճանապարհ էին բացում Փաշինյանի համար, որպեսզի նա հասնի տղաների շիրիմներին, ծաղիկներ խոնարհի, լուսանկարվի ու հեռանա։

168.am հետ զրույցում Արցախյան պատերազմի մասնակից, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Աիդա Սերոբյանն անընդունելի համարեց կարմիր բերետավորների պահվածքը

«Ի՞նչ կապ ունի՝ այդ ծնողներն իրենց միա՞կ որդուն են կորցրել, թե՞ երկրորդ կամ երրորդ: Ծնողի համար, առավել ևս՝ մոր համար, իր զավակից թանկ աշխարհում ոչինչ չկա։

Պատերազմներում զոհեր էլ են լինում, վիրավորներ էլ են լինում, ես դա հո լավ գիտեմ, բայց այդ զոհերի ու վիրավորների ծնողները նման վերաբերմունքի չպետք է արժանանան։ Ինչպե՞ս կարելի է նման կերպ վերաբերվել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, գերեվարված, վիրավորված զինվորների ծնողներին, անթույլատրելի ու սխալ է»,- նշեց կին ազատամարտիկը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, այդ ծնողները միայն ու միայն պետք է արժանանային հարգանքի, հոգատարության և ուշադրության։

«Ինչո՞ւ պետք է իր զավակին հանուն հայրենիքի կորցրած զինվորի մայրը, հայրը նման վերաբերմունքի արժանանա։ Վերաբերմունքը պատշաճ պետք է լինի ոչ միայն այդ ծնողների, այլև բոլոր ազատամարտիկների նկատմամբ, հատկապես, որ մարդիկ կամավոր են գնացել։ Բայց դե հիմա սա է, ի՞նչ կարող եմ ասել»,- եզրափակեց Աիդա Սերոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Եռաբլուր» էին այցելել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողները, որոնք հայտարարեցին, որ հերթապահելու են ամբողջ գիշեր, որպեսզի առավոտյան Նիկոլ Փաշինյանը չկարողանա գողեգող գնալ «Եռաբլուր» և ծաղիկներ խոնարհել իրենց տղաների շիրիմներին։

Թեպետ ծնողներն ամբողջ գիշեր տեղում էին, սակայն վաղ առավոտյան՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, կարմիրբերետավորները սկսեցին բիրտ ուժ կիրառել զոհված տղաների ծնողների նկատմամբ, նրանցից երեք տասնյակի բերման ենթարկեցին՝ պարզապես քարշ տալով։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականին դեկտեմբերի 19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր սգո երթ, որը պետք է ավարտվեր «Եռաբլուր» այցելությամբ, բազմաթիվ ազատամարտիկներ, զոհվածների ծնողներ գնացել էին այնտեղ, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։ Սակայն, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ զինված անվտանգության աշխատակիցներով ու ոստիկաններով շրջապատված պարզապես ներխուժեց «Եռաբլուր»՝ զոհված տղաների ծնողներին այս ու այն կողմ հրելով։

Տեսանյութեր

Լրահոս