«Միր» վճարային համակարգի սպասարկման վերաբերյալ որոշումը ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ՀՀ ԿԲ
Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկից։
«ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։
Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասել են ՀՀ ԿԲ-ից՝ պատասխանելով «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցմանը։
Նշենք, որ հայկական ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Միր» վճարային քարտերի սպասարկումը հանրապետությունում դադարեցվել է, մասնավորապես, քարտատերերը չեն կարողանում բանկոմատներից գումար կանխիկացնել։