«Բերձորի այլընտրանքային ճանապարհը գործում է. մենք պետք է զգոն լինենք». Կոռնիձորի վարչական ղեկավար
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանը կորցրել է տարածքներ։ Ինչպես սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն էր հայտնել Անվտանգության խորհրդի նիստում, այդ ագրեսիայի արդյունքում զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Մի քանի օր չկրակելուց հետո, թշնամին երեկ 20-30 րոպե կրակ էր բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանն ասաց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է։
«Լարված օրերին թշնամին կրակել է, բայց դրանք գյուղ չեն հասել, գյուղի վերևի հատվածում են եղել կրակոցները»,- նշեց Արշակ Կարապետյանը։
Ինչ վերաբերում է Բերձորի այլընտրանքային ճանապարհի ընդհանուր վիճակին, որն այս պահին անցնում է Կոռնիձորի վարչական տարածքով, Արշակ Կարապետյանն ասաց.
«Բերձորի այլընտրանքային ճանապարհը գործում է, մենք պետք է զգոն լինենք»։
Հարցին, թե ստեղծված իրավիճակում ժողովուրդն ի՞նչ պետք է անի, Կոռնիձորի վարչական ղեկավարը կրկին պատասխանեց. «Զգոն պետք է լինենք»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը, Ներքին Սուսն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանում Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: