Հունգարիան հորդորել է ԵՄ-ին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանել

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք Է քննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ դա միայն կխորացնի էներգետիկ ճգնաժամը Եվրոպայումը:

«ԵՄ-ն պետք է դադարի հիշատակել պատժամիջոցների ութերորդ փաթեթի մասին, դադարի ահազանգել այն միջոցառումների մասին, որոնք կհանգեցնեն միայն էներգամատակարարման ճգնաժամի հետագա սրման»,- արեւմտյան ԶԼՄ-ները մեջբերումներ են անում նախարարի հայտարարությունից:

Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, սեպտեմբերի 14-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում հանդես գալով Եվրամիության իրադրության շուրջ զեկույցով, հայտարարել է ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը շարունակելու Բրյուսելի մտադրության մասին:

Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով Եվրամիության իշխանությունների ներկայացուցիչներին, հաղորդել է, որ ԵՄ-ի առնվազն 10 երկիր հանդես է գալիս ռուսական գազի գնի «առավելակետ» սահմանելու առաջարկության դեմ, երկյուղելով, որ ՌԴ-ն այդ դեպքում լիովին կդադարեցնի դրա մատակարարումները: Այս գաղափարի դեմ առարկում են, մասնավորապես, Իտալիան, Լեհաստանը, Հունաստանը:

ԵՄ-ում հայտարարել են, որ գազի գների լիմիտի սահմանումը կպահանջի Եվրամիության բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը, քանի որ այդ միջոցը փաստորեն պատժամիջոց է հանդիսանում ԵՄ-ի կողմից:

Սակայն ցանկացած մատակարարի կողմից գազի գների սահմանափակման մասին առաջարկությունն ընդունելու համար բավարար կլինի միայն ձայների մեծամասնությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս