«Մեր առաջին քայլը պետք է լինի ինքնապաշտպանությունը, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու». Խնածախի գյուղապետ
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն այսօր առավոտյան հայտնել էր, որ ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի գյուղապետ Սեյրան Միրզոյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը սկսեց կրակել սահմանին, կրակոցներ կային նաև գյուղի ուղղությամբ, սակայն վերջին օրերին այդ կրակոցները դադարել են։
«Հիմա վիճակը նորմալ է։ Չէի ասի, որ Խնածախի ուղղությամբ, այդ լարված օրերին, թշնամին կրակում էր նույն ինտենսիվությամբ, ինչ մյուս գյուղերի, բայց այնուամենայնիվ կրակոցներ եղել են։ Բարեբախտաբար, գյուղի բնակիչների շրջանում տուժածներ չունենք»,- նշեց Սեյրան Միրզոյանը։
Ըստ մեր զրուցակցի, այնպես չէ, որ գյուղի բնակիչները վախեցած են, բայց այդուհանդերձ նրանց մեջ էլ կան մարդիկ, որ ընկճվել են, իսկ ընդհանուր առմամբ, բոլորն էլ մարտական են տրամադրված։
«Ստեղծված իրավիճակում մեր առաջին քայլը պետք է լինի ինքնապաշտպանությունը, մինչև տեսնենք, թե ինչ է լինելու։ Մենք բոլորս էլ մարտական ենք»,- եզրափակեց Խնածախի գյուղապետը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։