Դարի խեղկատակները
Նկատե՞լ եք արդյոք մի զարմանալի իրողություն։ Մեր ժամանակներում այլևս կարծես չկան փայլող մեծություններ ու հանճարեղ մարդիկ։ Որևէ բանաստեղծի կամ գրողի, որևէ երաժշտի կամ էլ մի մեծ մարդու վկայակոչելիս մենք միշտ նայում ենք դեպի անցյալը։
Այս առումով շատ հիանալի խոսքեր ունի ֆրանսիացի մեծ մտածող Ֆրանսուա Ռընե դը Շատոբրիանը իր «Քրիստոնեության հանճարը» գրքում. «Մեր ժամանակներում, չհաշված մի քան բացառություններ, տեղի է ունեցել տաղանդների մի տեսակ վիժում։
Կարելի է նույնիսկ ասել, որ անկրոնությունը, որն ամեն ինչ ամլացնում է, դրսևորվում է նաև մարդու ֆիզիկական կառուցվածքի աղարտացումով։ Ո՞ւր են խաղաղ և վեհաշուք դեմքով, ազնվական քայլվածքով, վայելուչ զգեստներով, բարեկիրթ և մաքուր խոսվածքով, դասական տեսքով, տիրական կեցվածքով, արվեստներով ներշնչված այն մարդիկ։
Փնտրում ենք նրանց և այլևս չենք գտնում։ Աֆրիկյան թզուկների նման փոքրիկ, անծանոթ մարդիկ այժմ ման են գալիս մի այլ դարաշրջանում կառուցված կամարակապ բարձր ճեմասրահների տակ։ Նրանց պինդ ճակատների վրա դրոշմված է եսասիրությունը և արհամարհանքն Աստծո հանդեպ։ Նրանք կորցրել են թե՛ հագնվածքի վայելչությունը և թե՛ խոսվածքի մաքրությունը:
Նրանք ասես լինեն ոչ թե զավակները, այլ խեղկատակները այն մեծ ցեղի, որ նախորդել է նրանց»։ Իսկ մենք, սրբերի օրինակով կարևորելով մեր կյանքում Աստծո և Եկեղեցու դերը, հաճախ աղոթենք և Քրիստոսի պատվիրած բարոյական պատվիրաններով ապրենք այնպես, որպեսզի լինենք ոչ թե խեղկատակները, այլ արժանի հետնորդները մեր փառապանծ հայրերի։
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից