Ղրղզստանը եւ Տաջիկստանը համաձայնության են եկել դադարեցնելու կրակը սահմանին
Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու զինված ընդհարումները սահմանին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը:
«Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը 16:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին) համաձայնության եկան հրադադարի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: Կողմերի ներկայացուիչները մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել համաձայնության գալու ընդհարումների դադարեցման շուրջ, սակայն արդյունքում զինված բախումը շարունակվել է:
Ինչպես պնդում է ղրղզական կողմը, սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումն Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծումը: Հրթիռահարվածների է ենթարկվել Բատկենը եւ նրա օդանավակայանը: Վիրավորվել են Ղրղզստանի 42 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Դուշանբեի տվյալներով՝ հարվածների է ենթարկվել շուրջ 10 բնակավայր:
Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտական դիրքեր»: Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: