
Հանրապետության տարբեր սահմանամերձ բնակավայրերում հրդեհի օջախները մարված են՝ բացառությամբ մեկ ծխացող հատվածի՝ Ջերմուկի անտառների շրջանում. ԱԻՆ փոխնախարար

Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքում Ադրբեջանի կիրառած ագրեսիվ գործողությունների հետևանքով առաջացած իրադրության առաջին իսկ պահից ԱԻՆ անձնակազմը բերվել է բարձր պատրաստվածության աստիճանի, և, հատկապես սահմանամերձ այն հատվածները և մարզերը, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողություններ, դրանք են՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Նրա փոխանցմամբ՝ այս պահին Գեղարքունիքի մարզում Վերին Շորժա, Կութ, Սոթք և Այրք բնակավայրերում ընդհանուր առմամբ վնասվել է 195 շենք-շինություն՝ տներ, գյուղապետարանի և դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասնագոմեր և այլ օժանդակ շինություններ:
«Ընդհանուր առմամբ ունենք 150 հեկտար ցորենի, գարու ցանքատարածությունների խոտհարքերի վնասում: Կա նաև հոսանքալարերի վնասում: Վարդենիսում Չարենցի փողոցն է վնասներ կրել, ինչպես նաև ունենք անձնական մեքենաների վնասում: Սյունիքի մարզում Ակներ, Վերին Շեն, Քարաշեն, Նորավան և Աղիտուր բնակավայրերում են եղել հիմնական վնասները: Ընդհանուր առմամբ վնասվել է 5 շենք-շինություն, այդ թվում՝ 4 տուն և 1 հանդիսությունների սրահ: Վնասվել են բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարարման գծերը: Վաղատուր բնակավայրում վնասվել են թե՛ գազամատակարարման, թե՛ էլեկտրամատակարարման գծերը: Ջերմուկում ընդհանուր առմամբ վնասվել է 9 շենք-շինություն, այդ թվում՝ տներ, հյուրատներ, առողջարան: Նշեմ, որ այստեղ հրշեջ-փրկարարական ջոկատի տեղակայման վայրը՝ շենքը, գտնվել է ուղիղ հրետակոծության թիրախում, որի արդյունքում վնասվել է: Ունենք նաև մեկ վնասված տեխնիկա: Վնասվել է նաև ճոպանուղին սպասարկող վարչական շենքը, ավտոճանապարհների որոշ հատվածներ: 2 արկ ընկել է Կեչուտի ջրամբար: Այստեղ նույնպես վնասվել են քաղաքացիների անձնական մեքենաներ: Հարվածային ալիքների հետևանքով բազմաթիվ շենքերի պատուհանների ապակիներ են կոտրվել»,- մանրամասնեց փոխնախարարը:
Նա անդրադարձավ նաև ռազմական գործողությունների ընթացքում Ջերմուկի հատվածում բռնկված հրդեհներին՝ հայտնեց, որ հրետակոծության հետևանքով նշված երեք մարզերում մի շարք խոտածածկ և անտառապատ տարածքներում՝ Սյունիքում՝ 5, Վայոց ձորում, Ջերմուկի մոտակայքում՝ 7 խոտածածկ և 3 անտառապատ տարածքներում հրդեհներ են տեղի ունեցել, հրդեհների օջախներ են նկատվել, իսկ այս պահին բոլոր նշված օջախները մարված են՝ բացառությամբ մեկ ծխացող հատվածի՝ Ջերմուկի անտառների շրջանում, որը դիտարկվող տարածք է, և այս պահին այնտեղ անվտանգությունից ելնելով՝ աշխատանքներ չեն իրականացվում: Ըստ էության վտանգ չի ներկայացնում:
Մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի է ունեցել գերիների փոխանակում, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել երկու գերի, նրանցից մեկը՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։ 168.am-ի փոխանցած հարցին, թե իրականում ի՞նչ էր տեղի ունեցել, ինչո՞ւ էր նրա հետ կապը կտրվել, և արդյո՞ք գերի է եղել, թե՞ ոչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը պատասխանեց. «Կապը նշված աշխատակցի հետ ինչ-որ պահի կտրվել է, բայց արձանագրենք, որ աշխատակիցը գտնվել է և այսօր շարունակում է իր ծառայությունը»:
Մեր հաջորդ հարցին՝ ամենաշատը ո՞ր մարզն է վնասվել, փոխնախարարը պատասխանեց. «Ավելի շատ տուժել է Գեղարքունիքի մարզը: Ունենք 195 շենք-շինությունների վնասում»: