Ալիևի էյֆորիան ու վախերը, Ռայիսիի կարմիր գծերը, Պուտինի ու Էրդողանի լռությունը. Սամարղանդում ընթանում է ՇՀԿ գագաթնաժողովը
Հայ-ադրբեջանական պատերազմական իրավիճակի համատեքստում ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում Սամարղանդում ընթացող ՇՀԿ անդամ-երկրների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթը:
Ալիևի նախասիրությունների համաձայն, ելույթը համեմված էր Ադրբեջանի «գերհզորությունն» իբրև թե փաստող տվյալների ներկայացմամբ և գնահատականներով:
Թերևս, ուշագրավն այն էր, որ նա կրկնեց, թե 2020 թվականի ոչ թե պատերազմը, այլ՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը» նոր հնարավորություններ է ստեղծել տրանսպորտահաղորդակցական պրոյեկտների համար մեր տարածաշրջանում:
«Զանգեզուրի միջանցքի բացումից հետո այն ավելի կմեծացնի տրանսպորտային հնարավորությունները տարածաշրջանի երկրների համար և շահավետ կլինի այն երկրների համար, որոնք տեղակայված են այդ երթուղու երկայնքով»,- ասաց Ալիևը, դրա մասին խոսելով՝ որպես իրողություն, այն դեպքում, երբ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանին միջանցք չի տրամադրելու:
Ալիևը խոսեց նաև Խաղաղության պայմանագրի մասին՝ ասելով, թե Ադրբեջանը ՀՀ-ին ներկայացրել է 5 հիմնական սկզբունքներ Խաղաղ համաձայնագրի համար, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:
«Ներկայումս մենք պետք է սկսենք աշխատանքը Խաղաղության համաձայնագրի նախագծի վրա՝ առանց նախապայմանների ու արհեստական ձգձգումների»,- նշեց Ալիևը:
Նա, թեև իր իսկ խոսքով՝ իբրև թե լուծել է ԼՂ հակամարտությունը և պետք է որ մոռացած լիներ ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին, ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում ասաց, որ անհանգստություն է առաջացնում առաջատար մի շարք միջազգային կառույցների անարդյունավետությունը:
Նա հիշեցրեց 1993 թվականի ՄԱԿ ԱԽ իրենց կողմից չարչրկված չորս բանաձևերը: «Թեև ՄԱԿ ԱԽ որոշ բանաձևեր իրականացվում են մի քանի օրերի ընթացքում, մեր իրավիճակի վերաբերյալ բանաձևերն այդպես էլ չիրագործվեցին»,- ասաց Ալիևը: Նախօրեին ՄԱԿ ԱԽ նիստում, ՀՀ դիմումի համաձայն, ադրբեջանական ագրեսիայի քննարկումը կարծես իսկապես մտահոգել է Ալիևին, այլապես հաղթանակներից գլուխը կորցրած և էյֆորիայից դուրս չեկած Ալիևը պետք է որ վաղուց չհիշեր ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին: Գուցե Ալիևին մտահոգում է Ադրբեջանի դեմ հնարավոր ՄԱԿ ԱԽ բանաձևերի հնարավորությո՞ւնը:
Ալիևի խոսքի մեղադրանքների հատվածին արձագանքող, բնականաբար, չեղավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել չմասնակցել կազմակերպության այս միջոցառմանը, ստեղծված իրավիճակից ելնելով: Ի դեպ, իրենց ելույթներում հայ-ադրբեջանական պատերազմական իրավիճակին չանդրադարձան ո՛չ Պուտինը, ո՛չ Էրդողանը:
Իսկ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին իր ելույթում խոսեց հարավկովկասյան իրողություններից և հերթական անգամ ուրվագծեց կարմիր գծերը:
Նա նշեց, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։
«Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը և մերժել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը, նա նաև հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել այս երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները»,- նշեց Ռայիսին։