Եռաբլուրի տարածքը հերթական անգամ ընդլայնվում է
Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ունենք 135 զոհ, ավելացնելով՝ այս թիվը վերջնական չէ:
Ուշագրավ է, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից սեպտեմբերի 13-ի իր ելույթում շեշտել էր, որ բոլոր զոհված զինծառայողների ինքնությունները պարզված են, սակայն մինչ օրս Պաշտպանության նախարարությունը, չգիտես՝ ինչու, զոհված զինծառայողների անունները գաղտնի է պահում։
Հասարակությունը, ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա, չի վստահում իշխանությունների հնչեցրած թվերին: Կարծիքներ են հնչում, որ գործող իշխանությունը չբացահայտելով զոհված զինծառայողների ինքնությունը, թաքցնում է զոհերի իրական թիվը։
Պարզելու համար՝ ինչ է կատարվում ամեն օր զոհերի հերթական թիվը հրապարակվելուց հետո «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, 168.am-ը եղավ Եռաբլուրում:
Կեսօրից մարդկանց մեծ հոսք էր գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոն, քանի որ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր Եռաբլուրում վերջին օրերին ադրբեջանական հերթական ագրեսիայի և զինված հարձակման արդյունքում զոհված մեր նահատակ հերոսների հուղարկավորությունների նախապատրաստական աշխատանքներն էին ընթանում:
Եռաբլուրի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմացի տարածքում արդեն վրաններ են տեղադրված, նստարաններ: Այստեղ է նաև զինվորական նվագախումբը՝ զինվորական պատվով ու կարգով զոհված զինծառայողներին հուղարկավորելու համար:
Տարածքում նաև Շտապ բուժօգնության մեքենաներն են հերթապահում, իսկ Եռաբլուրի գլխավոր մուտքի մոտ ժապավենով փակված է ավտոկայանատեղին, որ բացի հուղարկավորության մասնակիցներից, այլ տրանսպորտային միջոցներ տարածքում չլինեն:
Սրան զուգահեռ՝ Եռաբլուրում ակտիվ շինարարական աշխատանքներ են տարվում. Եռաբլուրի տարածքը հերթական անգամ ընդլայնվում է: Տրակտորներ, «Կամազ» ավտոմեքենաներ են աշխատում, նոր փոսեր են փորվում:
Կեսօրի՝ ժամը 12:00-ի դրությամբ, մոտ 15 փոս է փորված, ընդ որում, այստեղ երեկ, 168.am-ի տեղեկություններով, 3 զինծառայող է հուղարկավորվել:
Բացի դրանից, փոսերից երեքի մոտ անուն-ազգանուններ կան տեղադրված. Ըստ երևույթին այսօր Եռաբլուրում հենց այս երեք զինծառայողների հուղարկավորությունն է տեղի ունենալու:
Հարությունյան Էդուարդ Թելմանի
Հայրապետյան Նարեկ Արմանի
Կիրակոսյան Գրիգոր Վարդանի
Նշենք նաև, որ տարածքում ծաղկեպսակ կար միայն Պաշտպանության նախարարության անունից: Այլ գերատեսչություններից, Նիկոլ Փաշինյանից ու ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ կեսօրի դրությամբ չկար: