«Կա սպառնալիք Նախիջևանի կողմից». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում՝ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի ելույթին։
«Փաստացի հայտարարվեց, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի ուղղությունից, ինչը նշանակում է, որ կարող է և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցն ընդլայնվի, դեռ չեմ խոսում մնացած ծանր հետևանքների մասին։ Բնականաբար, ով աշխարհագրական տեսանկյունից տիրապետում է Հայաստանի քարտեզին, դրանում Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տեղակայումներին, կարծում եմ՝ հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ճակատի բացվելը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում Նախիջևանում տեղակայված էր ադրբեջանական բանակային կորպուսներից մեկը, որը մոտավորապես 10 տարի առաջ վերածվեց համազորային բանակի, այսինքն՝ պոտենցիալը, ռեսուրսներն ընդլայնվեցին։
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված առանձին համազորային բանակն աչքի է ընկնում նաև նրանով, որ ուսումնական ծրագրերը, պլանները բավականին ներդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ։ Բնական է, դրանք բավականին մեծ սպառնալիք են ստեղծում Հայաստանի համար, էլ չեմ խոսում, որ Նախիջևանի ուղղությունից ամենամոտ հատվածը՝ Երասխի ուղղությունն է, էլ չասեմ՝ Երասխը Երևանից ինչ հեռավորության վրա է»,- հավելեց պատգամավորը։
Միաժամանակ նա նկատեց՝ թեև այս պահին հարաբերական հրադադար է առաջնագծում, բայց դեռևս հստակ չէ, թե ինչ դրդապատճառներ դա ունի, արդյո՞ք պայմանավորված է Հայաստանի իշխանությունների առաջարկներով կամ որևէ պայմանավորվածություններով, թե՞ առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, նոր վերադասավորումներով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում