Երեք մարզում վնասվել է 192 բնակելի տուն, 60-ը՝ ամբողջությամբ. մեծ մասը՝ Գեղարքունիքում. փոխնախարար

«Երեք մարզում ունենք վնասված  բնակելի տներ, որոնք թվով 192-ն են: Դրանցից մոտ 60-ը վնասվել են ամբողջությամբ. օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ և այլ գյուղատնտեսական նշանակության գույք, կենդանիներ: Վնասվել են նաև մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, 2 շտապօգնության մեքենա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքների մասին:

Փոխնախարարը դժվարացավ ստույգ հայտնել, թե այս պահի տվյալներով հատկապես որ համայնքն է առավելապես տուժել, բայց  եթե խոսքը վերաբերում է մասնավոր տնատիրություններին կամ բնակելի շենքերին, ապա հավանաբար Գեղարքունիքի մարզի համայնքներում վնասվածության աստիճանն ավելի մեծ է:

Նա նշեց, որ հրետակոծության հետևանքով եղել է, որ որոշ համայնքներ հոսանքազրկվել են, ինչը վերականգնվել է, բացառությամբ մեկ համայնքի: Այս պահին խնդիր կա միայն Ներքին Շորժայում և հասկանալի պատճառներով հոսանքի մատակարարումը և դրանով պայմանավորված նաև բջային կապը դեռևս չի հաջողվել վերականգնել:

Իսկ այլ բնույթի ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք կխաթարեին բնականոն կյանքը՝ ճանապարհներ, ջրամատակարարում, չկան: Լոկալ բնույթի վնասներ են, որոնք հընթացս կարգավորվում են:

Կարդացեք նաև

«Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում մարզպետարանները հետևում են իրավիճակին: Արագ կգույքագրենք պատճառված վնասները և կփորձենք մտածել դրանք ու մարդկանց բնականոն կյանքը վերականգնելու հնարավորության մասին: Առաջինը հնարավոր մոտավորությամբ գույքագրել ենք բոլոր կրած վնասները՝ քաղաքացիական սուբյեկտների, մարդկանց, տնտեսությունների մասով, բայց հասկանալի է, որ անհրաժեշտություն կա ավելի խորքային, մասնագիտական ուսումնասիրության: Մարզպետարանների, անհրաժեշտության դեպքում՝ այլ մարմինների միջոցով կձևավորվեն հանձնախմբեր, որոնք տեղում այդ աշխատանքները կիրականացնեն»,- հավելեց Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ոչ մեծ չափով վնասվել է նաև ճոպանուղին, մասնավորապես վնասվել են շենքերը, ֆասադային մասերը, ապակիները: Վնասվել են նաև վարչական շենքեր՝ երեք հյուրատուն և մեկ առողջարան Ջերմուկում:

Տեսանյութեր

Լրահոս