Մի՛ ցանկացիր
«Մի՛ ցանկացիր քո ընկերոջ տունը և այն ամենը, ինչը որ քո ընկերոջինն է» (Ելք 20։17)։
Առհասարակ ասվում է, որ Տասնաբանյան տրվել է ոչ թե մարդուն տեղեկացնելու համար, թե նա ինչ պետք է անի, այլ ավելի շատ պարզաբանելու համար, թե ինչ չպե՛տք է անի։ Այն մի հայելի է, որով մարդ կարող է ճանաչել ինքն իրեն և ճշտորեն տեսնել իր հոգևոր ու բարոյական վիճակը։ Այս հայելին խիստ անհրաժեշտ է մարդուն այն ժամանակ, երբ նա զգում է իր մեջ զանցառությունների, թերությունների ու շեղումների, այսինքն՝ մեղքերի ավելանալը։
Տասնաբանյան չափորոշիչ է, որն ի հայտ է բերում այն մեծ զանազանությունը, որը կա տարբեր մարդկանց խղճերի միջև։ Խիղճը մշտապես մարդու մեջ է՝ որպես Աստծու ձայն, բայց և հայտնի է, որ մարդու բարոյական զարգացմանը զուգընթաց այդ ձայնը ավելի կամ պակաս լսելի է դառնում։ Այսպես․ մեկն այսինչ մեղքն աննշան մեղք է համարում, մինչդեռ մյուսի համար այն ծանր մեղք է, և սրա պատճառն այն է, որ այն առաջինը հազիվ թե ուշադրություն դարձներ խղճի հուզումնալից ձայնին։
Արդ, մարդն արժե այնքան, որքան արժե նրա խիղճը, և ներկա դարաշրջանում էլ անհրաժեշտ է խղճի մարդ կերտել, եթե ցանկանում ենք, որ մարդն իսկապես ազնվանա։
Իսրայելի մեծ Օրենսդրի սահմանած այնքա՜ն պարզ, բայց և այնքա՜ն խորունկ Հին Օրենքի ուսումնասիրությունն իր կարևորությունը չի կորցրել նաև արդի ժամանակաշրջանում։ Ուշադիր ուսումնասիրողը Տասնաբանյայի մեջ պետք է տեսնի, որ Մովսեսն ուզում է աստիճանաբար առաջանալ դեպի սիրտը։ Իր տասներորդ պատվիրանով նա անմիջապես իսկ սրտին է դիպչում՝ մինչև նրա վերջին ակոսները հասնելով, որպեսզի այնտեղից դուրս հանի այն բոլոր արդարացումներն ու պատճառաբանությունները։ Խոսքով և գործով մեղանչելուց զատ Մովսեսը նաև մտքով մեղսագործելն է դատապարտում՝ ասելով․ «Մի՛ ցանկացիր»։
Խորհրդով, մտքով գործված մե՞ղքն էլ պետք է մեղք համարվի․ չգործված մեղքն ինչպե՞ս կարող է մեղք կոչվել։ Մի՞թե մեղքը չպիտի սահմանափակել խոսքի ու գործի սահմանագծում։ Թերևս ոմանց մտքում ծագեն այս հարցերը։ Սակայն ընդհակառակը, մենք համոզված ենք, որ ներքին մեղքը նույնքան իրական ու չարաշուք է, որքան արտաքին մեղքը, «որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն» (Մարկ․ 7։ 21-23)։
Վիրաբույժները պատմում են, որ հաճախ, երբ վիրաբուժական գործողությունը սկսելուց առաջ հիվանդին թմրեցուցիչ դեղ են տալիս, նրա շուրթերից այնպիսի արտահայտություններ են լսում, որոնք սազական չեն հիվանդին, քանի որ նա ճանաչված էր որպես շատ պարկեշտ քրիստոնյա։ Որքա՜ն ճիշտ է այն խոսքը, թե՝ «Չար մտքերը արձանացած են մարդու սրտում»։
Ուրեմն ինչո՞ւ պետք է մտովի մեղքը, որ այնքան իրական է, հանցանք համարվի խոսքով ու գործով մեղանչումների նմանությամբ։ Բազմաթիվ պատճառներից հիշատակենք երեք գլխավորները․
1. Մտքով գործված մեղքը հանցանք է, քանի որ Աստված սրտին է նայում և արտաքին երևույթով չի դատում։ Նա գիտի, թե որքան հաճախ է մարդու մեջ այդ արտաքին երևույթը անհամապատասխան լինում իրականությանը։ Արդ, Տիրոջ ամենասուրբ հայացքը ներթափանցում է մեր էության ամենախորքերը, ուր Նա տեսնում է այնպիսի շարժառիթներ, այնպիսի մտածումներ ու զգացումներ, որոնք բնավ չի կարող ընդունել և հանդուրժել։
Աստված այնպիսի՜ մաքուր աչքեր ունի, որ տեսնում է չարն իր բոլոր կերպերով, նույնիսկ երբ չարը թաքցնում է իր գոյությունը։ Արդ, չմոռանանք, որ Աստծու հայացքից մենք որևէ կերպ չենք կարող թաքնվել։
Թագապսակ Դավիթ մարգարեն, մեղանչած լինելով, խորապես զգաց, որ Աստված քննում է իրեն և գիտի իր սրտի ու մտքի ներսում կատարվող ամեն բան, և եթե անգամ մարգարեն փորձեր փախչել, միևնույն է, Տերը դարձյալ կարող էր ներթափանցել նրա գաղտնի խորհուրդների մեջ․ «Տե՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ: Դու իմացար իմ նիստուկացը, հեռվից հասկացար իմ մտածումները: Իմ շավիղներն ու վիճակը Դու քննեցիր, և բոլոր ճանապարհներս նախապես տեսար: Իմացար, որ լեզվիս տակ նենգություն չկա: Ահա Դու, Տե՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, Դու ինձ ստեղծեցիր և ձեռքդ դրիր ինձ վրա: Զարմանալի է Քո իմացությունն իմ մասին, այնքան զորեղ, որ չեմ կարող հասու լինել դրան: Ո՞ւր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ո՞ւր փախչեմ» (Սաղմ․ 138։1-7):
2. Մտովի մեղքը հանցանք է, քանի որ մեղքը միշտ մտքից է սկսում։ Մտքի, խորհրդածության տիրույթը մի լաբորատորիա է, որտեղ ձևավորվում են մեր բոլոր գործերն ու խոսքերը։ Մեղքն արտաքնապես ի հայտ գալուց առաջ ներքնապես, իբրև խորհուրդ արդեն իսկ գոյություն ունի։ «Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից: Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում» (Հակ․ 1։14-15)։ Այս համարներում երևում են մեղքի ձևավորման երեք կերպերը։ Նախ՝ ցանկություն, ապա՝ մեղք, այնուհետև՝ մահ։
Ուրեմն մեղքն այլ բան չէ, եթե ոչ ցանկության դրսևորումը կամ, այսպես ասենք, մեղքը ցանկության լույս աշխարհ գալն է։ Եթե մաքուր սիրտ ունենայինք, այլևս չէինք մեղանչի։ Մաքրեցե՛ք աղբյուրը, և մաքրված կլինի նաև գետակը։ Եթե գետակը տղմոտ է, դրա պատճառն այն է, որ աղբյուրն է տղմոտ։ Անկեղծ մարդը շատ լավ կարող է կշռադատել, որ մինչև սիրտը չփոխվի, հնարավոր չէ, որ մարդ պարկեշտ համարվի, եթե անգամ ուրիշները վկայեն, թե իբր նա պարկեշտ է։
3. Խորհրդածումի մակարդակում գործված մեղքը հանցանք է, քանի որ խորհրդածությամբ կամ մտքով գործվող մեղքով է, որ ընթացք է ստանում մեղքն առհասարակ։ Եթե անգամ խոսելու և գործելու բնագավառում մեղքի հանդեպ հաղթանակ տանենք ու պարտության մատնենք այն, միևնույն է, դարձյալ իրական հաղթանակ տարած չենք լինի։ Պետք է մեղքը ոչնչացնել մտքի, խորհրդածության մակարդակում։ Ահա դա է կարևորը։ Երբ այդպիսով մեղքը մաքրվում ու սրբվում է, դրանից հետո է, որ սքանչելի հաղթանակներ պիտի տանենք բոլոր ասպարեզներում։
Ավա՜ղ, ճանաչում ենք այնպիսի մարդկանց, որոնք ողբալի հակասությունների մարմնացումն են, որոնք գեղեցիկ արտաքինի տակ տգեղ իրականություն են մարմնավորում։ Շատ հաճախ բարի համբավի ներքո ինչե՜ր են սքողվում։ Որքա՜ն բարեպաշտ խոսքերի, անձնվեր արարքների ու ոգևորիչ արտահայտությունների տակ են սոսկում պատճառող խորհուրդներ թաքնված։ Այնտեղ՝ մտքի խորքը, այդ խորհրդի սրբարանի խորքը ոչ ոք չի կարող ներթափանցել, նույնիսկ ամենամտերիմ բարեկամը։ Դա միայն Աստված կարող է տեսնել։ Ահա այնտեղ է, որ մենք շատ հաճախ թաքցնում ենք ստորություն, ապականություն ու բորոտություն, որը մեզ կամաչեցներ, եթե հայտնի դառնար ուրիշներին։
Հետևաբար մտքով մեղանչումը ճշմարիտ իրողություն է։ Նույնը կարող ենք ասել մասնավորապես ցանկասեր մեղանչումի պարագայում, որի վերաբերյալ տասներորդ և վերջին պատվիրանն ասում է․ «Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնի վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»։
«Ցանկություն» ասելով ի՞նչ պետք է հասկանանք։ Ցանկությունն այլ բան չէ, եթե ոչ այն բուռն կիրքը, որով ցանկանում ենք յուրացնել ուրիշի սեփականությունը համարվող որևէ իր կամ որևէ անձի։ Այս մեղքի արմատը դիվային եսասիրությունն է։
Ստույգ է, որ եթե մենք գիտենայինք մեր անձի պես սիրել մեր ընկերոջը, այդ մեղքը մեր մտքում ծնունդ չէր առնի, քանի որ միտքը չէր «զբաղվի» ուրիշին պատկանող նյութը կամ անձը գրավելու կամ յուրացնելու խորհրդով։ Այլ ընդհակառակը, միտքն ամեն ջանք պիտի գործադրեր ընկերոջ ունեցվածքը պահպանելու և նրա դեմ եղած որևէ ոտնձգություն կամ հարձակում արգելելու համար։
Եթե ցանկության արմատը եսասիրությունն է, ապա նրա պտուղներն էլ կլինեն գողությունը, շնությունը, սպանությունը կամ այն չար զգացումները, ինչպիսիք են ատելությունը, նախանձը, չարակնությունը և մի շարք այլ տգեղ բաներ, որոնք դուրս են ցայտում մեր անմաքուր սրտից։
Հին Կտակարանում հիշատակվում են ցանկասիրությամբ մեղանչող երկու անձեր, որոնք իրենց վրա բերեցին այդ մեղքի ամենածանր հետևանքները։ Առաջինը բարեպաշտ մեծն Դավիթ արքան էր, որն Ուրիայի կնոջը ցանկանալով՝ միտք արեց Ուրիային պատերազմում սպանել տալ և հափշտակել նրա կնոջը։ Երկրորդն Իսրայելի թագավոր Աքաբն էր, որը ցանկանում էր Նաբովթի այգին, որը յուրացնելու համար իր կնոջ՝ Հեզաբելի թելադրանքով սպանել տվեց Նաբովթին։
Ուրեմն պարզ է, որ մարդ նույնիսկ թագավորական գահի վրա լինելով, ամեն տեսակի ճոխությամբ շրջապատված լինելով ու ամենաբարեպաշտը ճանաչված լինելով էլ մղում է ունենում ամենածանր ու գարշելի ոճիրներ գործելու, երբ փորձվում է ցանկական մեղքով։ Ուրեմն որքա՜ն իրավացի էր Տասնաբանյայի հեղինակը, երբ այս պատվիրանով զգուշացնում էր հեռու մնալ ցանկասիրության մեղքից։
Գնալով մեծ չափերի հասնող համատարած դժգոհության ալիքը ևս դարձյալ ցանկասիրության հետևանք է։ Ցավալի է հաստատել, որ մարդ որքան զարգանում է, որքան գիտությունն ու ճարտարվեստը մարդու առջև նորանոր հորիզոններ են բացում ու որքան մարդ օգտվում է այն ուժերից ու առավելություններից, որոնք մոլորակը տալիս է մարդկությանը, այդքան ավելի մարդու մեջ նվազում է գոհունակությունը և ավելանում է միմյանց նկատմամբ նախանձը, ինչպես նաև մեծանում է ցանկությունը՝ տիրանալու այն ամենին, ինչ մարդն ինքը չունի։
Հասարակական բոլոր դասակարգերում՝ վերից մինչև վար, նկատելի է այդ իրողությունը։ Չեմ կարծում, թե հարուստներն ավելի գոհ են, քան աղքատները, և դա հետևանքն է այն անհագ ցանկության ու վայելքի ծարավի, որը կիզում, տոչորում է մարդու մեջ այն բոլոր ազնիվ մղումները, որոնք հազիվ ծիլ էին տվել, և մարդուն մղում է մշտապես դժգոհելու՝ մինչև հասարակական հեղափոխություն։
Ոսկու հանդեպ մերօրյա ծարավը, «ոսկե հորթ»-ի տենչանքն ու մամոնայի պաշտամունքը ներկա դարի հատկանշական գծերից մեկն է․ մեկ բառով ասած՝ այսօրվա դժգոհությունը հետևանք է մարմնի և աչքերի ցանկության։
Արդ, այս չարիքների դեմ հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է չարիքն արմատախիլ անել․ մակերեսային «բուժումն» անօգուտ է։ Մեծ չարիքները զորեղ դարմաններով են բուժվում, հակառակ դեպքում անկարող կլինենք վտանգի առաջն առնելու, և մեր գործադրած բոլոր ջանքերն էլ անօգուտ կլինեն։
Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ցանկությունը կանխելու անհրաժեշտ հիմնական դարմանները հիշատակել այստեղ․
Ա․ Ցանկասիրությունը հաղթահարելու առաջին պայմանը կարգապահությունն է։ Կարգապահությունն անձի դաստիարակության առաջին պայմանն է։ Միայն նրանք կարող են իրենց կարգապահության վարժեցնել, ովքեր գիտեն ու կարող են իրենք իրենց իրապես զարգացնել և արժանավոր արարքներ գործել ինչպես գեղարվեստի ու գիտության, այդպես էլ բարոյական ու կրոնական հարթություններում։
Այնժամ, երբ մարդ չգիտեր զարգացնել իր անձը, չգիտեր նաև կարգապահ լինել, իսկ եթե մարդ անկարող է կարգապահ լինել, ապա անսանձ մղումները մշտապես պիտի գերիշխեն նրա հոգում, ու այլևս մարմինը կսկսի իշխել հոգուն, փոխանակ հոգին իշխեր մարմնին։
Այդուհետ անասնական վիճակ է տիրում մարդու մեջ, այլևս հոգևոր մարդը դադարում է գոյություն ունենալուց, և այդժամ անասնական մարդն է, որ անզուսպ կերպով տենչում ու պահանջում է։ Վա՜յ մեզ, եթե տեղի տանք մեր բնության ներքին տենչանքներին ու ցանկություններին, եթե չկարողանանք իշխել դրանց, եթե դրանց գերիները դառնանք։
Մենք պետք է կարողանանք մեր մեջ ապրող գազանին ասել՝ «մնա՛ տեղումդ, առաջ չգնա՛ս»։ Այդկերպ և միայն այդկերպ մենք կկարողանանք հոգևոր մարդիկ լինել՝ ընդունակ կատարելության։
Բ․ Ցանկությանը հաղթելու երկրորդ պայմանն անձի՝ իրավունքից ավելի պարտականություններին կարևորություն տալն է։ Այսօր ում հետ խոսում ես իր իրավունքների մասին, այնպես է խոսում, ասես աշխարհիս երեսին միայն իրավունք գոյություն ունի։
Ո՞վ չգիտի, սակայն, որ առանց պարտականության իրավունք չկա։ Իրավունքը պարտականության կատարմամբ է ձևավորվում։ Իրավունքն ու պարտականությունը միևնույն դրամի երկու երեսներն են, երկու կողմերը։ Այսօր շատ է դժվարացել կյանքը վայելելու գործընթացը, քանի որ չկա այն ընկալումը, որ պարտականություն կատարելով է, որ մարդ կարող է յուրացնել իր կյանքի իրավունքները։
Նա, ով ուզում է գործադրել իր իրավունքները՝ առանց իր պարտականությունները կատարելու, ցանկանում է գոհացում տալ իր մեջ եղող եսասիրությանը, իսկ եսասիրությունը մշտապես անհագորեն ուզում ու պահանջում է ավելին։
Գ․ Ցանկությունը հաղթահարելու երրորդ պայմանը մեր միտքը գոհունակ պահելն է։ Դրան հասնելու համար նախ՝ պետք է ինքներս մեզ վարժեցնենք՝ ճանաչելու այն ամենը, ինչ ունենք, և ոչ թե այն ամենը, ինչ չունենք, և այնուհետև գիտենանք երախտապարտ լինել Աստծուն մեր ունեցածների համար, որ մեզ վարձատրում է մեր արժանիքների համեմատ։
Ապա պետք է գիտենանք ինքներս մեզ վարժեցնել պարզ կյանքի՝ փոխանակ ճիգեր գործադրելու, որ ճոխ ու շքեղաշուք կյանք ունենանք։ Այդպիսով գտած կլինենք երջանիկ կյանքի գաղտնիքը, մտքի գոհունակության կհասնենք և կկարողանանք առաքյալի հետ ասել․ «Քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից: Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատության մեջ լինել: Ամեն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թե՛ կուշտ լինել, թե՛ քաղցած մնալ, թե՛ առատության մեջ լինել, թե՛ զրկանք կրել: Ամեն ինչ կարող եմ Նրա՛ շնորհիվ, Ով ինձ զորացրեց» (Փիլ․ 4։11-13)։
Այսպիսով, այդ ամենին հասնելու և տիրանալու համար պետք է սկսել այնտեղից, որտեղից ինքը՝ Պողոս առաքյալն իսկ սկսել է, այսինքն՝ կատարել այն պարզ պատգամը, որը Պողոս առաքյալը հանձնարարում է Հռոմեացիներին ուղղված նամակի միջոցով․ «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմությամբ Աստծու, որ պատրաստեք ձեր մարմինները որպես զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճո. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը: Եվ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ․ 12։1-2)։
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը