«Իշխանության համար մեր երկրի անվտանգությունը, զինվորների արյունը, երկրի ապագան քաղաքական առուծախի ապրանք է». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, այսօր էլ փաստացի տեսնում են՝ նաև Հայաստանից։
«Իշխանության համար մեր երկրի անվտանգությունը, զինվորների արյունը, երկրի ապագան քաղաքական առուծախի ապրանք է։ Սա է ողջ եղելությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներկայացրած առաջարկները մերժելուն և իշխանական խմբակցության մշակած ԱԺ հայտարարության տեքստում չընդգրկելուն։
Ըստ Հայկ Մամիջանյանի, իշխանության հետ նորից բանավեճի մեջ մտնելու իմաստ վաղուց չեն տեսնում։ Ինչ վերաբերում է իրենց քայլերին, ապա դրա մասին առանձին հայտարարություն կլինի։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին ռուսական կողմի արձագանքներին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ բոլոր ուղղություններով գնահատականներ տալու համար բավականին վաղ է։
«Կարող եմ ասել, որ մեր դաշնակիցները, բոլոր դաշնակիցները գիտակցեն, որ ամեն վայրկյան հապաղումը հայի արյուն է՝ հայ զինվորի արյուն է։ Դեռևս չեմ տեսել ՀԱՊԿ-ի վերջնական պաշտոնական հայտարարությունը, դեռևս հայտարարությունները չեղած՝ չեմ կարող որակումներ տալ՝ ես ՔՊ-ից չեմ»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն իր լկտիությամբ ցույց է տվել, որ միջազգային հանրությանն այս կամ այն չափով անտեսում է։
«Հիմա Հանրապետական կուսակցության ողջ կուսակցական դիվանագիտական կորպուսը զբաղված է միջազգային հանրությանն այս գործընթացների վերաբերյալ տեղեկացնելով և դրա վերաբերյալ հնարավոր հայտարարություններ կորզելու գործընթացով»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։