«Պատասխան չեմ ստացել, սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է քաղաքացու հանդեպ, այլև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում». Էդգար Ղազարյան

Օգոստոսի 19-ին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրավոր դիմել էր կառավարության աշխատակազմին՝ պահանջելով օգոստոսի 23-ին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես Էդգար Ղազարյանն էր հայտարարել՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։

Սակայն օգոստոսի 23-ին այդ հանդիպումը տեղի չունեցավ, Էդգար Ղազարյանը լրագրողների ուղեկցությամբ գնացել էր Կառավարության շենքի մոտ, որպեսզի ուղիղ եթերում հանդիպեր Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ոստիկանությունը նրան տեղեկացրել էր, որ նա չի կարող հանդիպել Փաշինյանի հետ՝ առանց մանրամասնելու, թե ինչ պատճառով։

168.amն Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե ի վերջո, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից իր գրությանը որևէ պատասխան ուղարկե՞լ են, տեղեկացրե՞լ են, թե ինչո՞ւ հանդիպումը չի կայացել։

«Ինքս որևէ տեսակի պատասխան չեմ ստացել։

Կարդացեք նաև

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ես Կառավարության աշխատակազմին գրավոր հարցում եմ ուղարկում և այդ հարցումը մնում է անպատասխան։ Ես դրանից առաջ մեկ այլ գրավոր հարցում էի ուղարկել՝ կապված Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության վերաբերյալ, որը առնչվում էր կահույքի մնացորդներին, շինարարական աղբի մնացորդներին և խաչերին, որոնք տեղադրված են Հայաստանում։ Ես հարցում էի արել և խնդրել էի կոնկրետ ասել, թե որ համայնքում և որ հասցեում կա կահույքի մնացորդներից պատրաստված խաչեր և որ մարմինն է դրանով զբաղվելու իր հանձնարարությամբ։

Այսքան ժամանակ միակ գրությունը, որին վարչապետի աշխատակազմից ինձ պատասխանել են, օգոստոսի 23-ի համար Մելիք-Ադամյան փողոցի դահլիճը չտրամադրելու վերաբերյալ գրությունն է եղել, որի բլանկի վրայից բացակայում էր Հայաստանի Հանրապետություն բառը»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Ըստ Էդգար Ղազարյանի, այս ամենը քաղաքացու հանդեպ անհարգալից վերաբերմունքի բացառիկ դրսևորում է, ընդ որում՝ օրենքի պահանջը խախտելով, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պետական մարմիններից պահանջում է և ժամկետ է սահմանում, թե քաղաքացուց ստացած գրություններին ինչ ժամկետում պետք է պատասխանեն։

«Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կատարել իր խոստումը, այլև օրենքն է խախտում, որովհետև ցանկացած գրություն պետք է ունենա պատասխան։

Ընդ որում, ոչ միայն հանդիպում չեն նշանակել, այլև որևէ պատասխան, արձագանք չեն ներկայացրել, սա անհարգալից վերաբերմունք  է ոչ միայն քաղաքացու, այլև դիվանագիտական բարձր աստիճանի կոչում ունեցող քաղաքացու հանդեպ»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Հարցին՝ «ժողովրդավարության բաստիոն» երկրում հնարավո՞ր է նման բան, որ քաղաքացու հարցերը կամ նամակը երկրի ղեկավարին մնան անպատասխան, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ այս ամենը ժողովրդավարության հետ կապ չունի, քանի որ նման նամակներին չպատասխանելն ուղիղ օրենքի խախտում է։

Իսկ ժողովրդավարության առումով խախտումը վերաբերում է իր՝ որպես վարչապետի, 100-օրվա ղեկավարման կապակցությամբ 2018 թվականի օգոստոսի 17-ին հնչեցրած ելույթի սկզբունքներին, որը նա արեց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ։

«Այդ ժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանն այլևս ուղիղ ժողովրդավարական երկիր է, որտեղ ժողովուրդն այսուհետ պետք է հավաքվի Հանրապետության հրապարակում, որն անվանել էր «հեղափոխության հրապարակ», այնտեղ պետք է գնան իշխանության ներկայացուցիչները, հանդիպեն ժողովրդի հետ և քննարկեն երկրին վերաբերող խնդիրները, այնուհետև վերադառնան իրենց աշխատասենյակներ և կատարեն այն ամենը, ինչ իրենցից պահանջում է  ժողովուրդը։

Ես առաջնորդվել եմ իր ասած սկզբունքով՝ մարդկանց խնդրել եմ հավաքվեն Հանրապետության հրապարակում և այդ խնդրանքին արձագանքել են հազարավոր քաղաքացիներ, որոնց մեջ, վստահ եմ, եղել են մարդիկ, որոնք իր օգտին են քվեարկել։ Այդ մարդկանց անունից ես լիազորություն եմ ստացել գնալ իր հետ հանդիպման,  և ինքը որևէ ձևով այդ հանդիպմանը չի եկել ու չի արձագանքել»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս