Բաժիններ՝

«Հայտնի տերմին է, գրելիս նպատակ եմ ունեցել նաև մարդկանց մի քիչ  կրթել». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ ֆեյսբուքյան գրառում էր արել, ուրախությամբ ավետելու, որ այս տարվա օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 000։

«Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262հզ՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ։

Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել են Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)։

Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»,- գրել էր Վահան Քերոբյանը։

Կարդացեք նաև

Այսօր ԱԺ-ում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ, ինչպե՞ս կարող է ցուցանիշը մոտենալ հարավին։

«Դա հայտնի տերմին է, երբ ասում են ինչ-որ թիվ և մի փոքր քիչ, ավելի ցածր։ Այնպես որ, դա գրելիս ես նպատակ եմ ունեցել նաև մարդկանց մի քիչ  կրթել, ցույց տալ նոր տերմիններ ֆինանսական հատվածից, որը կարելի է օգտագործել։

2022 թվականին  «Զվարթնոց» օդանավակայանն ավելի շատ զբոսաշրջիկ է սպասարկել, քան 2019 թվականին»,- նշեց Վահան Քերոբյանը։ Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն էր հրավիրել, իր կարծիքով՝ «Զվարթնոց» օդանավակայանով ժամանող զբոսաշրջիկների քանակի վրա, որն ըստ նրա՝  «կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է «Զվարթնոցի» ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)»։

Նախարար Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև  Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձան տեղադրելուն և իր այն հայտարարությանը, որ այդ ամենը շռնդալից գործընթաց է, և հիշեցրեց, որ արդեն ասել է՝ բոլոր ընթացակարգերը կպահպանվեն, համապատասխան ներդրումային ծրագիրը կդրվի շրջանառության մեջ, այն կքննարկվի բոլոր շահագրգիռ մարմինների կողմից։

«Եթե լինեն օրենսդրական խնդիրներ, կփորձենք լուծում տալ նման խնդիրների։ Այդպիսի շատ ծրագրեր կան։ Բնականաբար, կարելի է  պատկերացնել, որ ցանկացած խոշոր ծրագիր իր մեջ ունի թե՛ բնապահպանական, թե՛ մշակութային, թե՛ սոցիալական, աշխատանքային տարբեր բաղադրիչներ։ Այդ բոլոր բաղադրիչների հետ ճիշտ աշխատանքը թույլ է տալիս, որ մենք բավականին հաճախ ունենանք լուծման տարբերակներ, որը համապատասխանում է  մեր ողջ օրենսդրությանը»,- շեշտեց նախարարը։

Հարցին, թե երբ Հատիսում Գագիկ Ծառուկյանի հետ կտրում էր կարմիր ժապավենը, տեղյա՞կ էր, որ կառավարությունում այդ խնդրի վերաբերյալ կային տարաձայնություններ, Վահան Քերոբյանը պատասխանեց, թե տեղյակ չի եղել։

«Եթե նախագիծն իրականանա, եթե հաղթահարվեն բոլոր խնդիրները կամ լուծվեն բոլոր դժվարությունները նախագծի հետ կապված, ապա ես վստահ եմ, որ դա խոշորամասշտաբ ներդրում է, մենք խոսում ենք տասնյակ, եթե ոչ՝ հարյուր միլիոնավոր դոլարների մասին»,- ընդգծեց Վահան Քերոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս