Անդրանիկ Քոչարյանը՝ Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի մեղադրանքների մասին
Կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու և «Արեգա» բարձունքը թողնելու ու նահանջի հրաման տալու համար։
ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Միքայել Արզումանյանի փայլուն զինվորական լինելու մասին որևէ մեկը կասկած չի հարուցել, որ ինքը եղել է փայլուն զինվորական դեռ 1990-ականներից, երբ շատ երիտասարդ էր: Սա, ըստ նրա, հիշում են գեներալի անմիջական հրամանատարները, ՊԲ հրամանատարները, ընդհուպ՝ մինչև Սամվել Բաբայան:
«Միքայել Արզումանյանի մեղադրանքն այլ բովանդակության է, և ես հիմա չեմ էլ ուզում մեղադրանքի մասին խոսել, տա Աստված, որպեսզի այդ մեղադրանքները դատարանում հերքվեն»,- շեշտել է Քոչարյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի տրամադրության տակ բազմաթիվ փաստաթղթեր կան, թեման զգայուն է, ուստի չի ուզում շտապել այս հարցում:
«Ոչ ոք չի ցանկանա այնպիսի մեղադրանք դնել մի մարդու վրա, ով իր ուսերին է վերցրել 44-օրյա պատերազմի վերջին հատվածը, բայց եթե կան սխալներ, որոնք բերել են չարդարացված տարածքային և մարդկային կորուստների, դա պետք է քննվի, և քննության արդյունքները պետք է լինեն անբեկանելի, հաստատված և փաստարկված»,- շարունակել է Քոչարյանը։
Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքին, ՔՊ-ական պատգամավորն ասել է, որ նրա նկատմամբ ՔԿ-ում եղել է քրեական գործ, ինչը նշանակում է, որ ուսումնասիրվել են փաստարկված նյութեր՝ մինչև վիրավորում ստանալը կայացրած որոշումների մասին:
«Խնդիրը ոչ թե մեղադրանքների, դրանց բնույթի մասին է, այլ դասեր քաղելու: Եթե որևէ մեկի որոշումների արդյունքում եղել են սխալներ, դրանք պետք է ուսումնասիրվեն և քննվեն։ Շատ գնահատելով և՛ Ջալալի, և՛ Արզումանյանի անցած ուղին, որը ոչ ոք չի կարող հերքել, ուրանալ անցած ուղին, բայց ճոճանակը այնպես է շարժվել, որ պետք է հստակություն մտցնենք և թույլ չտանք, որ այդ շահարկումները դառնան օրակարգային խնդիրներ»,- եզրափակել է թեման Անդրանիկ Քոչարյանը: