Մեկ ամսում աճել են խոզի, տավարի մսի, ձվի, պանրի գները
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. օգոստոսը 2021թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.2%-ով:
2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում (այդ թվում՝ մայրաքաղաքում) 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.8-0.1%-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կապանում:
2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոբու՝ 1.1%, բրնձի՝ 11.0%, ոսպի՝ 31.1% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար՝ 0.7%, 1.4%, 0.7% գնանկում:
2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ ալյուրի գնի մակարդակն աճել է 16.6%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 1.2% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.4% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.6% գնանկում:
Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ աճել է 2.4 %-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ գրանցվել է 6.6% գնանկում: Միաժամանակ, 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ մակարոնեղենի գներն աճել են 32.7%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.1%-ով:
Խոզի և տավարի մսերի գները 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ աճել են համապատասխանաբար 2.3%, և 21.4%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.7% և 1.2%-ով:
2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի՝ 25.1%, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ:
Ձվի գինը 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ նվազել է 15.2%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.8% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.5% գնանկում, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնաճ:
2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.5% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 5.7% գնանկում:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ թանկացումների վրա որոշակի ազդեցություն ունեն փոխարժեքի գնային տատանումները:
«Դոլարը մեզ մոտ 485 դրամ էր, իջավ, բայց երբ բարձրանա՝ մտավախություն կա, որ ապրանքների գները ևս շատ կբարձրանան»,- նշել էր Կարեն Չիլինգարյանը: